ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

ԱԻՊԾ տնօրեն Կարեն Սարգսյանի ամանորյա շնորհավորական ուղերձը

31-12-2017


Հարգելի ծառայակիցներ, գործընկերներ,

Ահա և պատմություն է դառնում 2017 թվականը: Ամփոփելով  անցնող տարին, կարող ենք արձանագրել, որ ծառայությունն ընդհանուր առմամբ կարողացել է պատվով կատարել իր առջև դրված խնդիրները բոլոր ուղղություններով: Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը բարության և մարդասիրության օջախ է: Ձեր բարեխիղճ ծառայության շնորհիվ օրեցօր աճում է բնակչության վստահությունը կառույցի նկատմամբ, ինչի վառ վկայությունն են ճգնաժամային կառավարման կենտրոնում շարունակաբար աճող կանչերը: Փրկարարը մասնագիտություն չէ, այլ կոչում: Մարդիկ վստահում են մեզ, համոզված լինելով, որ ցանկացած դժվարին իրադրության մեջ հայտվելուց փրկարարները իրենց կողքին կլինեն և կցուցաբերեն անհրաժեշտ օգնություն:

2017 թվականին շարունակվել է ծառայության նյութատեխնիկական բազայի համալրումը և արդիականացումը: Ծառայությունը մշտապես գտնվում է երկրի ղեկավարության ուշադրության ներքո: Բացի պետական աջակցությունից այսօր ծառայության կողքին են կանգնած մի շարք բարերարներ, ովքեր իրենց նվիրատվությունների շնորհիվ նպաստում են ծառայության գործունեության մակարդակի բարձրացմանը: Օգտվելով հնարավորությունից, մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեզ:

Ամփոփելով  2017 թվականի մեր ձեքբերումներն ու հաջողությունները, պետք է նշել, որ դեռևս բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք իրենց լուծումն են պահանջում:

Միայն յուրաքանչյուրիս տքնաջան, համառ ու բարեխիղճ աշխատանքների շնորհիվ կարող ենք պատշաճ մակարդակով լուծել առաջադրված խնդիրները, ինչը ակնկալում ենք միասին իրականացնել 2018 թվականին:

Հարգելի գործընկերներ,

Նոր տարին բոլորիս համար նոր հույսերի, ակնկալիքների ու երազանքների տոն է: Յուրաքանչյուր նոր տարի նորանում են հույսերը, նրանց հետ էլ կյանքն է նորանում:

Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ, որ այս օրերին Ձեր օջախներում տոնական սեղանների շուրջ իշխեն բարձր տրամադրությունն ու լավատեսության ոգին:

Թող 2018 թվականը խաղաղություն ու բարօրություն բերի Ձեր ընտանիքներին և մեր երկրին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։