ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

ՀՐԱՀԱՆԳ

22-08-2018


Բնակչության գործողությունները <<ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ>>և  <<ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊԻ ԱՎԱՐՏ>> ազդանշանների ժամանակ

   Հակառակորդի կողմից օդային հարձակման, մասսայական ոչնչացման զենքի կիրառման, ռադիոակտիվ, քիմիական և մանրէաբանական վարակվածության մասին բնակչության ազդարարումը իրականացվում  է ամբողջ  հանրապետության համար հաստատված  ՔՊ  ազդանշաններով` (շչակով 3 ձայնային ազդանշան 3 րոպե տևողությամբ):
  <<ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ>> ազդանշանը տրվում է հակառակորդի անմիջական հարձակման վտանգի դեպքում: Շչակի ընդհատվող հնչեցման դեպքում (<<օդային տագնապ`ազդանշան>>) բնակչությունն անմիջապես պատսպարվում է պաշտպանական կառույցներում: Այդ նպատակով  օգտագործվում են  տեխնիկական միջոցներ`կապի միջոցներ, շչակներ, ավտոմատացված համակարգեր: Տեղական ռադիոյով 2-3 րոպեի ընթացքում հայտարարվում է ազդանշանի տեքստային բովանդակությունը`<<ՈՒշադրություն, ՈՒշադրություն, Օդային տագնապ, Օդային տագնապ>>:
    Ազդանշանի  տեքստային  բովանդակությունը  հերթափոխվում  է  շչակի  զիլ  ձայնով:
  Այդ ազդանշանով  բնակչությունը  անմիջապես պատսպարվում է պաշտպանական կառույցներում: Բանվորների և ծառայողների պաշտպանության համար օգտագործվում են օբյեկտներում առկա թաքստոցները, իսկ չաշխատող  բնակչության համար` հասարակական և բնակելի շենքերի նկուղային հարկերը: Թաքստոցների բացակայության դեպքում քաղաքացիների պատսպարման  համար օգտագործվում են ստորգետնյա շինությունները և բնական  թաքստոցները:
    Կարևոր է իմանալ, որ ազդանշանի հնչելուց մինչև օդային  հարվածը տևում է մի քանի րոպե, որի ընթացքում հնարավոր կլինի թաքնվել թաքստոցներում (նկուղային հարկերում, հորում, ջրանցքում, պառկել ցանկապատի, բլուրի  հետևում և այլ խորացված վայրերում):
   Եթե ազդանշանը տրվել է աշխատավայրում, անհրաժեշտ է դադարեցնել աշխատանքը, անջատել էլեկտրականությունը, գազը, ջուրը, իրականացնել կազմակերպության հրահանգով նախատեսված այլ միջոցառումներ և արագ կերպով թաքնվել կազմակերպությանը ամրագրված թաքստոցներում: Անընդհատ գործող արտադրությունում անհրաժեշտ է հաստոցները, սարքավորումները և տեխնոլոգիական ուղիները  տեղափոխել  աշխատանքային  անվտանգ  ռեժիմի:
    Ազդանշանը տրված ժամանակ, տանը գտնվելու դեպքում, անհրաժեշտ է անջատել տաքացուցիչ սարքավորումները, լույսը, գազը, ջուրը, վերցնել փաստաթղթերը,  սննդամթերքի պաշար, դեղորայք, հագցնել երեխաներին և արագ տեղափոխվել  թաքստոց:   Թաքստոց մտնելիս պահպանել հաստատված կարգ ու կանոնը և հանգստություն:
    Եթե ազդանշանը տրվել է փողոցում գտնվելու ժամանակ` անհրաժեշտ է ՔՊ ուղեցույցների օգնությամբ զբաղեցնել մոտակա թաքստոցը: Տրանսպորտում գտնվելու ժամանակ պետք է սպասել կանգ առնելուն, հանգիստ իջնել և թաքնվել մոտակա պաշտպանական կառույցներում: Եթե մոտակայքում չկան թաքստոցներ, ապա պետք է օգտագործել նկուղային շինությունները,ստորգենյա անցումները: <<Օդային տագնապ>> ազդանշան տրվելու ժամանակ հասարակական վայրում գտնվելու դեպքում, անհրաժեշտ է ուշադիր և հանգիստ լսել աշխատակազմի ցուցումները` որտեղ են գտնվում մոտակա պաշտպանական կառույցները:
     <<Օդային տագնապ>> ազդանշանով անմիջապես դադարեցվում են պարապմունքները ուսումնական հաստատություններում և միջոցներ են ձեռնարկվում ուսուցանվողներին և ուսուցչական անձնակազմին  թաքստոցներում  պատսպարելու  համար:
      Կարևոր է թաքստոցում պատսպարված մարդկանց հիշեցնել ԱՊՄ  միջոցները օգտագործելու կանոնները և պահելաձևը:
   <<Օդային տագնապ>> ազդանշանը ստանալուց` գյուղերի բնակիչները պատսպարվում են նախօրոք կառուցված թաքստոցներում, նկուղներում, գետնահորերում և այլ խորացված կառույցներում: Պատսպարվելուց առաջ անհրաժեշտ է անջատել  լուսավորությունը, էլէկտրական սարքավորումները, հանգցնել վառարանները: Դաշտերում գտնվելու ժամանակ պաշտպանվելու համար  օգտագործվում են ձորակները, փոսերը, անցքերը: Եթե մոտակայքում  թաքստոցներ  չկան` պետք է անմիջապես պառկել գետնին, երեսը  դեպի ներքև, ոտքերը` պայթյունի ուղղությամբ, ձեռքերը թաքցնել մարմի տակ և փակել աչքերը: Արոտավայրերում  գտնվող կենդանիներին կենտրոնացնում և  թաքցնում  են` օգտագործելով ռելիեֆի պաշտպանական հատկությունները: Գյուղատնտեսական տեխնիկան թաքցվում է տեղանքի մոտակա  ծալքերում:
      <<Օդային տագնապի ավարտ>> ազդանշանի  (շչակի անընդհատ հնչեցման) և <<ՈՒշադրություն բոլորին>> ազդանշանների հնչեցման դեպքերում բնակչությունը պարտավոր է միացնել հեռուստացույցները և ռադիոընդունիչները, որոնցով արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության մարմինների կողմից տրվում են հաղորդագրություններ տեղանքի, քիմիական կամ ճառագայթային վարակի սպառնալիքի կամ դրա առաջացման և բնակչության գործողությունների մասին ու գործում համաձայն այդ հաղորդագրությունների:
    Այդ ազդանշանը հաղորդելու համար օգտագործում են սարքին մնացած ռադիոկապերը, կապի տեխնիկական միջոցները, ռադիոն ու հեռուստատեսությունը: Ազդանշանի տեքստային բովանդակությունը հաղորդվում է` <<ՈՒշադրություն, ՈՒշադրություն, Օդային տագնապի ավարտ>>: Այդ ազդանշանով բնակչությունը  ՔՊ  մարմինների թույլտվությամբ դուրս են գալիս թաքստոցներից: Բանվորները, ծառայողները, գյուղացիները վերադառնում են իրենց աշխատատեղերը:
      Հակառակորդի կողմից հարձակման  ենթարկված շրջաններում ՔՊ մարմինների կողմից տեղեկություններ են տրվում հետևանքների վերացման աշխատանքների, բնակչության  վարքագծի   ռեժիմների  և  այլ անհրաժեշտ   ինֆորմացիայի  մասին:
       Անհրաժեշտ է իմանալ, որ արդյունավետ պաշտպանությունը  պայմանավորված է ժամանակին թաքստոցներում, պաշտպանական կառույցներում և նկուղներում իրենց տեղը զբաղեցնելու  ունակությամբ: