ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Վլադիկ Խաչատրյանի ամանորյա ուղերձը

30-12-2019



Հարգելի հայրենակիցներ, գործընկերներ ու ծառայակիցներ,

Ավարտին է մոտենում 2019 թվականը, իսկ տարեմուտը լավագույն առիթ է արժևորելու ձեռք բերվածը, գնահատելու անցնող տարվա ընթացքում կատարված աշխատանքները և նախանշելու հաջորդող տարիների անելիքները: Եզրափակելով անցնող տարին՝ կարող ենք հստակ նշել, որ ծառայությունը պատվով էկատարել իր առջև դրված խնդիրները, իսկ համակարգի հաջողությունները տեսանելի են տարբեր ոլորտներում: Նախորդ տարիների չկարգավորված խնդիրներինց շատերին տրվել են համապատասխան լուծումներ, որոնք լինելու են շարունակական նաև առաջիկա տարիներին:

Սիրելի գործընկերներ, մեր ծառայությունն ու աշխատանքը չունի սկիզբ և ավարտ, փրկարարը կոչում է՝ մշտապես արձագանքելու ցանկացած աղետի ու ճգնաժամի, մենք ենք այն սահմանապահները, որ կանգնած են մարդու և աղետի միջև: Տարիների աշխատանքով ապացուցվել է, որ արտակարգ իրավիճակներն ու ճգնաժամերը հիմնականում կառավարելի են, և մենք պետք է գիտակցենք, որ արագ ու արհեստավարժ արձագանքումը չունի և երբեք չի կարող ունենալ այլընտրանք: Գնահատում և մեծարում եմ մարդկային կյանքերի փրկության գործին նվիրված փրկարար ծառայողներին։ Ձեր նվիրված, մարդասեր ու մշտակատար աշխատանքի շնորհիվ մեր երկրում մարդիկ վստահ են, որ դժվար պահերին իրենք մենակ չեն:

Իր գործունեության շնորհիվ կառույցը վաստակել է բնակչության վստահությունը, ինչի հավաստումն է ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվող կանչերի շարունակական աճը։ Անցնող տարում շարունակվել է ծառայության նյութատեխնիկական բազայի համալրուման ու արդիականացման գործընթացը։ Ծառայությունը մշտապես գտնվում է երկրի ղեկավարության ուշադրության ներքո: Բացի պետական աջակցությունից՝ այսօր ծառայության կողքին են կանգնած մի շարք բարերարներ, ովքեր իրենց նվիրատվությունների շնորհիվ նպաստում են ծառայության գործունեության մակարդակի բարձրացմանը: Այսօր, առավել քան պատեհ առիթ է՝ ևս մեկ անգամ մեր երախտագիտությունը հայտնելու բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեզ։

Ամփոփելով տարին, մեր ձեռքբերումներն ու հաջողությունները՝ պետք է նշել, որ դեռևս բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք իրենց լուծումն են պահանջում: Ակնկալում ենք, որ նոր տարում առաջին հերթին դրական փոփոխությունները կշարունակվեն, ինչին հասնելու համար անհրաժեշտ է, որ միասնական ոգով, խղճով, նվիրվածությամբ ու աշխատասիրությամբ շարունակենք շարժվել առաջ:

Նոր տարին նոր հույսերի, սպասումների ու երազանքների տարի է։ Թող 2020 թվականն անմասն լինի արտակարգ դեպքերից ու պատահարներից, լինելով միայն ձեռքբերումների, վերելքի ու հաջողությունների տարի:

Խաղաղություն, երջանկություն, անսպառ ուժ ու եռանդ եմ մաղթում ձեզ ու ձեր ընտանիքներին։

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ։