ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Վլադիկ Խաչատրյանի ուղերձը եռատոնի կապակցությամբ

08-05-2020




Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանի ուղերձը եռատոնի կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ՝ մայիսյան եռատոնի կապակցությամբ: Մայիսի 9-ը նվիրական օր է. այն մեզ համար նշանավորվեց Արցախի պաշտպանության բանակի կազմավորման, Շուշիի ազատագրման եւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի շնորհիվ:

Բոլոր ժամանակներում էլ ներշնչման ու ընդօրինակման լավագույն աղբյուր է հայի աներեր կամքն ու մաքառումներով լի անցյալը, որը լի է հերոսական դրվագներով: Հաստատակամության եւ անձնազոհության բազում օրինակներով, մարտադաշտերում կերտված մեր հաղթանակներով մենք կարողացանք ի ցույց աշխարհի հաստատել՝ արժանավայել ապրելու մեր իրավունքը, մայր հողին կապված լինելու մեր անխախտ կնիքը։

Մենք ժառանգել ենք պայքարելու ու հաղթելու կամք, ինչը պատվով փոխանցում ենք եկող սերունդներին: Եվ այսօր էլ մեր սահմաններին հայ զինվորի ոգու եւ կամքի շնորհիվ պահվում է մեզ համար շատ ցանկալի խաղաղությունը:

Սիրելի հայրենակիցներ,

Այս տարի եռատոնի կապակցությամբ անցկացվող տոնակատարությունները կտարբերվեն նախորդներից, սակայն վստահ եմ, որ մեր հաղթական տրամադրությունը չեն կարող խամրեցնել արտակարգ իրավիճակով պայմանավորված հանրապետությունում տոնական միջոցառումների սահմանափակումները: Նաև վստահ եմ, որ այս իրավիճակը մեզ համար առավել զորեղանալու և մեր ձեռքբերումները վերարժեւորելու համար լավ առիթ կհանդիսանա:

Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել բոլորիս, մաղթել հարատեւ խաղաղություն, բարեկեցություն եւ նորանոր հաղթանակներ: