ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

13-09-2021




2021 թվականի սեպտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ընդհանուր 924 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել են հրդեհների մասին ստացված հաղորդումները:

Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 13 ելք: Հրդեհի 5 դեպք գրանցվել է Մարտակերտի շրջանում, այրվել է անասնաֆերմա և չոր խոտածածկ տարածք, 3-ը՝ Մարտունու շրջանում, Ասկերանում հրդեհ է բռնկվել աղբանոցում: Ստեփանակերտում արձանագրված թվով 5 հրդեհներից մեկը բռնկվել է Բաղրամյան փողոցի հարակից տարածքում՝ այրվել են չոր խոտածածկ տարածք, ծառեր և թփուտներ:

Ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ գրանցվել է 1 հաղորդում: Տուժել է 3 քաղաքացի: Փրկարարները բժիշկների և ոստիկանության ծառայողների օգնությամբ՝ վերջիններիս տեղափոխել են բուժհաստատություն: Նրանց առողջական վիճակը բավարար է:

Շաբաթվա ընթացքում ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը, ռուսական խաղաղապահ զորակազմի սակրավորները, Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը և The Halo Trust  ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունն Արցախի Հանրապետության տարածքում  իրականացրել  են ինժեներահետախուզական աշխատանքներ:

Յոթ օրվա ընթացքում ԱԻՊԾ սակրավորների կողմից ականազերծվել է 4 հա տարածք, վնասազերծվել՝ հակատանկային 4 ական, կասետային 50 հրթիռ, 5 ավիառումբ, նռնականետի ՊԳ-7 տիպի 13 նռնակ:
Նշված ժամանակահատվածում 911 ահազանգման կենտրոնում ստացվել է տեխնածին բնույթի 40, սոցիալ-կենցաղային 36 կանչ և գրանցվել՝ տարերային 5 պատահար:

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարաքներում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով փրկարարները կատարել են 5 ելք: Զինադադարից հետո` հայտնաբերվել և տարհանել է ընդհանուր 1663 աճյուն: Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում: