Նորություններ

Պաշտոնական

Հարգելի հայրենակիցներ` Մարտի մեկը քաղաքացիական պաշտպանության միջազգային օրն է:

01-03-2022



Մարտի մեկը քաղաքացիական պաշտպանության միջազգային օրն է: Այս օրը նշում են նաև որպես ՔՊ ուժերի և միջոցառումների մասին գիտելիքների տարածման քարոզչության օր: Քաղաքացիական պաշտպանության բնագավառում կառավարության լիազոր մարմնի՝ ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ամենօրյա գործունեության առանցքն են կազմում քաղաքացիական պաշտպանության կազմակերպման ուղղությամբ աշխատանքների կատարումը և այդ կապակցությամբ միջոցառումների անցկացումը:
Եվ քանի որ ոլորտն ընկալվում է որպես մարդասիրական առաքելություն՝ ցանկացած արտակարգ իրավիճակում կարևորությունը տրվում է մարդկային կյանքի փրկությանը: Այսօր էլ երբ տարածաշրջանն անհանգիստ է, քաղպաշտպանության կառավարման համակարգը լուրջ կատարելագործման կարիք ունի, քանի որ քաղաքացիական բնակչության պաշտպանության հարցը հատկապես սրվում է պատերազմական իրավիճակներում։ Ամեն տարի կազմակերպվող և անցկացվող պլանային միջոցառումների արդյունքում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում բնակչության ժամանակին ազդարարման և տարհանման կազմակերպման արդյունքում մեզ հաջողվել է խաղաղ բնակչության շրջանում կորուստները հասցնել նվազագույնի: Իսկ ընդհանուր առմամբ՝ ռազմական գործողությունների ընթացքում ԱԻՊԾ-ն հիմնականում կատարել է իր առջև դրված խնդիրները:
ՔՊ ընդհանուր համակարգում կազմակերպել է բնակչության տարհանումը վտանգավոր գոտիներից, Ադրբեջանի կողմից խոցված քաղաքացիական ու ռազմական օբյեկտներում իրականացրել է հրդեհաշիջման և փրկարարական անհետաձգելի վթարա-վերականգնողական աշխատանքներ, մարտական գործողությունների շրջաններից զոհվածների և վիրավորների տարհանում, ապաստարաններում պատսպարված բնակչության համակողմանի ապահովման խնդիրներ, կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքի հայտնաբերման ու ականազերծման աշխատանքներ:

ԱԻ պետական ծառայությունն այսօր էլ առանձնակի կարևորություն է տալիս քաղաքացիական պաշտպանության մասին բնակչության ուսուցմանը: Կազմակերպվում են ուսումնավարժություններ, վարժանքներ, ու համապատասխան դասընթացներ, որոնք միտված են արտակարգ իրավիճակի ժամանակ արագ և առանց խուճապի բնակչության տարհանումը, պատսպարումը և անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը: Շնորհավորում եմ ՔՊ ոլորտի բոլոր ծառայողներին, մաղթում, որ այսուհետ ծառայությունն իրականացնեն առանց տարերային աղետների, ռազմական դրության և արտակարգ իրավիճակների պայմաններում։



Հարգանքով՝ ԱՀ ՆԳ նախարար ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ