Նորություններ

Պաշտոնական

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

28-03-2022



2022 թվականի մարտի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 940 զանգ:

Արցախի Հանրապետությունում ձյան առատ տեղումների պատճառով մարտի 20-ից ԱԻ պետական ծառայությունը շարունակել է համակարգված աշխատանքներ կատարել՝ արտակարգ դեպքերին ու պատահարների ահազանգելու և դրանց հետևանքների վերացման համար:
Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը արձագանքել են փլուզման վերաբերյալ 22 ահազանգի: Բոլոր դեպքերում ձեռնարկվել են անհրաժեշտ աշխատանքներ բնակիչների համար վտանգ ներկայացնող փլուզումների մաքրման համար:

Ստեփնակերտում և ԱՀ շրջաններում աշխատանքներ են տարվել մարդկանց բնականոն տեղաշարժի, երթևեկության համար վտանգ ու խոչնդոտ հանդիսացող ծառերի հատման և այլ անցանկալի պատահարների կանխարգելման ուղղությամբ վերաբերյալ կանչերին: Անվտանգության ապահովման նպատակով՝ մեկ օպերատիվ խմբով ուժեղացվել է նաև Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու սպասարկումը:

Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 7, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 33 կանչ: Փրկարարները կատարել են դռան 4 և վերելակի 3 բացում, առողջական խնդիր ունեցող 4 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 4 ելք: Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի ևս 18 կանչերի:

Նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհի 5 դեպք: Հրշեջ-փրկարարները արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին և բնակչությանը ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: Բոլոր դեպքերը ժամանակին կանխվել են՝ տուժածներ չկան:
Նշված հրդեհներից մեկը գրանցվել է տրանսպորտային միջոցում՝ Ստեփանակերտ քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում:

Մարտի 25-ին ժամը 13:16-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան 24 հասցեում հրդեհ է բռնկվել՝ կայանված ավտոմեքենայից ծուխ է ելնում:
Ժամը 13:17-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով մեկնել է դեպքի վայր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:30-ին, մարվել` ժամը 13:32-ին:
Հրդեհի արդյունքում լրիվությամբ այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկը:

Մարտի 27-ին ժամը 15:15-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին՝ նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն:
Ժամը 15:16-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով մարտական հաշվարկը մեկնել է դեպքի վայր: Ժամը 15:16-ին դեպքի վայր է ուղարկվել նաև արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը :
Պարզվել է, որ գազաբալոնային համակարգի՝ գազի արտահոսքից այրվել է Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակչին պատկանող բնակելի տան նկուղային հարկի կախովի առաստաղը՝ 1,5 x 1,5մ հատվածը:
Հրդեհը մարվել է ձեռքի միջոցներով:
Արձանագրված բոլոր հրդեհների դեպքերի առթիվ ստուգում է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները: