Նորություններ

Պաշտոնական

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը:

25-04-2022



2022 թվականի ապրիլի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1088 զանգ:

Շաբաթվա ընթացքում հրդեհի 5 դեպք է գրանցվել, որից 2-ը օժանդակ շինությունում, 3-ը չոր խոտածածկ տարածքում:
Հրշեջ-փրկարարները արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին և բնակչությանը ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:
Արձանագրված բոլոր հրդեհները ժամանակին մեկուսացվել են՝ տուժածներ չկան:
Դեպքերի առթիվ ստուգում է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով, անտառային և հարակից բուսածածկ, ինչպես նաև տնամերձ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը, ուստի հորդորում է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ, ցուցաբերել առավել զգուշավորություն և զգոնություն:
 
Ամբողջ շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության տարածքում ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման աշխատանքներ: ԱՀ Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից հայտնաբերել ու վնասազերծել են հրթիռակասետային 100 ռումբ, 16 պայթուցիչ, 3 հակահետևակային, 1 հակատանկային և 4 ականանետի ական, 18 արկ, գնդիկաբեկորային 10 ավիառումբ, ձեռքի 12 և նռնականետի 8 նռնակ:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 41, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 14 կանչ: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման անձնակազմը արձագանքել է շաբաթվա ընթացքում գրանցված 3 ճանապարհատրանսպորտային պատահարի և օգնություն ցուցաբերել դրանց հետևանքով տուժած 7 քաղաքացիների:
Կանչերի թվում դռան և վերելակի բացման, առողջական խնդիր ունեցող քաղաքացիներին բժշկական հաստատություններ տեղափոխման, ջրամատակարարման և այլ զանգեր էին, բոլոր դեպքերում փրկարարները ժամանակին արձագանքել և բնակչությանը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները: