Նորություններ

Պաշտոնական

ԱՀ ՆԳ նախարարությունը զգուշավորության կոչ է անում

25-05-2022



Մոտենում է բուսածածկ և խոտածածկ տարածքների հրդեհավտանգ շրջանը. ԱՀ ՆԳ նախարարությունը զգուշավորության կոչ է անում:
 
Ամռան ամիսներին Արցախի՝ հիմնականում դաշտավայրային շրջաններում արձանագրվում է ջերմային ֆոնի բարձրացում՝ մինչև 40-42 աստիճան: Գլոբալ տաքացման շրջանում մեր տարածաշրջանը գտնվում է այդ երևույթի մեջ։

Տարիների վերլուծությունը ցույց է տվել, որ ջերմային ալիքի ներխուժման հետևանքով ավելանում են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքներում և չոր ենթատարածքներում բռնկված հրդեհների թիվը։

Բերքահավաքն անկորուստ կատարելու համար հակահրդեհային անվտանգության ապահովման նպատակով խոշոր ցանքատարածությունների մոտ ԱԻ պետական ծառայությունն ամեն տարի ծավալում է հրշեջ հենակետեր և իրականացնում է շուրջօրյա հերթապահություն՝ մինչև բերքահավաքի ավարտը: Բացի այդ, հանկարծակի ծագած դեպքերին ժամանակին արձագանքելու նպատակով` ստեղծվում են օպերատիվ խմբեր։

2021թ. Արցախում գրանցվել է հրդեհի 613 դեպք, որից 18-ը բռնկվել է հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքներում, 10-ը՝ այգիներում, 50-ից ավելի դեպքեր գրանցվել է չոր խոտածածկ տարածքներում:

Ոստի, ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է քաղաքացիներին.
Ցուցաբերել բարձր պատասխանատվություն և խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, քանի որ հրդեհների մեծ մասը մարդածին է ու առաջանում է բնակիչների անզգուշության հետևանքով, կրակի հետ անզգույշ վերաբերմունքից, էլեկտրալարերի կարճ միացումից, ծխելու ժամանակ հակահրդեհային անվտանգության կանոնների խախտումներից:

Կարևոր է իմանալ, որ անտառային, հացահատիկային մշակաբույսերի և խոտածածկ տարածքների հրդեհների ժամանակ ոչ մի վերահսկողություն և ոչ մի տեխնիկա ցանկալի արդյունք չի տա, եթե հենց քաղաքացիները, չգիտակցեն մեր ընդհանուր հարստության պահպանման խնդրի կարևորությունը: