Նորություններ

Պաշտոնական

ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է շաբաթը

30-05-2022



ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում նախորդ շաբաթվա համեմատ նվազել է զանգերի՝ միաժամանակ գրանցված պատահարների քանակը:

Գրանցված 722 զանգից 659-ը եղել է ճանաչողական բնույթի, 15-ը տեխնածին բնույթի պատահարներ են, 20-ը՝ կենցաղային բնույթի կանչեր: 911 ահազանգման կենտրոնի հերթապահ ծառայողները 62 հոգու տվել են հեռախոսային խորհրդատվություն:
Տեխնածին բնույթի պատահարներից 2 կանչ ստացվել է հրդեհի վերաբերյալ: Հրդեհներից մեկը բռնկվել է Ստեփանակերտի բնակելի շենքերից մեկի նկուղային հարկի պահեստում, մյուսը՝ գազի բալոնից արտանետված գազից, որն ուղեկցվել է հրդեհի բռնկումով: Հրշեջ փրկարարները ժամանակին արձագանքել են կանչերին և արագ մեկուսացրել կրակը: Բարեբախտաբար 2 դեպքում էլ ոչ ոք չի տուժել:

Պայմանավորված եղանակի կտրուկ տաքացմամբ՝ ԱԻ պետական ծառայությունը կրակի հետ զգույշ վարվելու կոչ է անում, միաժամանակ հիշեցնում տարվա այս սեզոնին ակտիվացող սողունների շարժի մասին, քանի որ թունավոր օձերի դեմ պայքարը՝ համալիր մոտեցման խնդիր է:

Անցած շաբաթվա ընթացքում սողանքի 2 դեպք է գրանցվել Ստեփանակերտ քաղաքի «Մազի կամուրջ»-ից Հին Արմենավան թաղամաս տանող ճանապարհի հատվածում: Փրկարարները ժամանել են դեպքի վայր՝ սահմանազատել տարածքը և բացել ճանապարհը:

Փրկարարներն արձագանքել են կենցաղային բնույթի 20 կանչի, որից 5-ի դեպքում բուժհաստատություն են տեղափոխել և վերադարձրել առողջական խնդիր ունեցող քաղաքացիներին: Շաբաթվա ընթացքում կատարվել է դռան 6 և 2 վերելակի բացում:
Ցանկացած աղետի, ճգնաժամի կամ պատահարի պահին հիշեք՝ 911 հեռախոսահամարը: Մարդկային կյանքի փրկության գործին նվիրված փրկարար ծառայողների անձնվիրության, մարդասիրության և խիզախության շնորհիվ՝ վստահ եղեք, որ դուք միայնակ չեք:

ՆԳ նախարարության ստորաբաժանումները շարունակում են 24-ժամյա ծառայություն իրականացնել Հանրապետության ողջ տարածքում: Մեր առաքելության հիմքում՝ Ձեր անվտանգության պատշաճ ապահովումն է: