ՀայերենEnglishРусский

ԱԻ հանրագիտարան

ԱՀ -ին սպառնացող աղետներ

ԼՂՀ տարածքին բնորոշ բնական արտակարգ իրավիճակներ

11-02-2016


1. Ընդհանուր հասկացություններ

Բնական արտակարգ իրավիճակ՝ որոշակի տարածքում կամ օբյեկտում վտանգավոր բնական երեւույթի, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի եւ գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդություն (էպիֆիտոտիա), որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին՝ զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։


Տարերային աղետը` բնության ուժերի կամ երեւույթների ազդեցությամբ առաջացած աղետ, ավերիչ բնական եւ (կամ) բնական-անտրոպոգեն պրոցես (մարդու գործունեությամբ բնության մեջ առաջացող երեւույթ կամ ընթացք) է, որի հետեւանքով առաջացել կամ կարող է առաջանալ սպառնալիք մարդկանց կյանքին եւ առողջությանը, նյութական արժեքների ավերածություն կամ ոչնչացում, բնակչության գործունեության, կյանքի պայմանների եւ շրջակա միջավայրի անդառնալի փոփոխություններ։


2. Վտանգավոր երկրաբանական երեւույթներ եւ ընթացքներ

Երկրաբանական բնույթի ծագում ունեցող իրադարձություն կամ երկրաբանական ընթացքների հետեւանք՝ առաջացած երկրակեղեւում տարբեր բնական կամ երկրադինամիկական գործոնների կամ դրանց զուգակցության ներգործությամբ, որն ունի կամ կարող է ունենալ խոցող ազդեցություն մարդկանց, գյուղատնտեսական բույսերի եւ կենդանիների, տնտեսական նշանակություն ունեցող օբյեկտների եւ շրջակա բնական միջավայրի վրա։

Երկրաշարժ

Երկրաշարժը երկրաֆիզիկական վտանգավոր երեւույթ է, որն արտահայտվում է երկրակեղեւի կտրուկ տատանումներով եւ ցնցումներով՝ ժամանակի շատ կարճ տեւողության ընթացքում։ Երկրաշարժ առաջանում է երկրակեղեւում կամ վերին միջակա երկրապատյանում հանկարծակի տեղաշարժերի ու խզվածքների հետեւանքով եւ առաձգական (սեյսմիկ) տատանումների ձեւով հաղորդվում է մեծ հեռավորություններիվրա։
Երկրաշարժի ինտենսիվությունը (ուժգնությունը) գնահատվում է 12-բալանոց սեյսմիկ սանղակով (MSK-86), իսկ էներգիան՝ մագնիտուդայով։ Երկրաշարժերը պայմանականորեն ստորաբաժանվում են որպես՝ թույլ (1-4 բալ), ուժեղ (5-7 բալ) եւ ավերիչ (8 եւ ավելի բալեր)։

Սողանք

Լեռան լանջով ապարների զանգվածի լանջերով տեղաշարժ (սահք)՝ սեփական քաշի եւ լրացուցիչ բեռնվածության ներգործությամբ, որն առաջանում է լանջի ողողաքանդման, ջրադինամիկ ճնշման, գերխոնավացման, սեյսմիկ կամ տեխնածին ցնցումների եւ այլ ընթացքների հետեւանքով։
Դասակարգվում են ըստ հզորության (խոշոր, միջին եւ մանր) եւ ըստ շարժման արագության (շատ արագ, արագ, չափավոր եւ դանդաղ)։

Դարափուլ(քարաթափում)

Լեռների եւ ձորերի զառիվայր ու զառիթափ լանջերից խոշոր, հաճախ հսկայական չափերի ապարազանգվածների պոկումն ու փլուզումը, որն առաջանում է գլխավորապես լեռնային ապարների հողմահարության ընթացքների եւ մակերեւութային ու ստորգետնյա ջրերի ներգործությունից դրանց կապակցվածության թուլացման հետեւանքով։


3.Վտանգավոր ջրաբանական (հիդրոլոգիական) երեւույթներ եւ ընթացքներ

Ջրաբանական (հիդրոլոգիական) ծագում ունեցող իրադարձություն կամ ջրաբանական ընթացքների հետեւանք՝ առաջացած տարբեր բնական կամ ջրադինամիկական գործոնների կամ դրանց զուգակցության ներգործությամբ, որոնք կարող են ունենալ խոցող ազդեցություն մարդկանց, գյուղատնտեսական բույսերի եւ կենդանիների, տնտեսական նշանակություն ունեցող օբյեկտների, շրջակա բնական միջավայրի վրա։

Սելավ

Ավերիչ մեծ ուժ ունեցող սրընթաց հոսք, որը բաղկացած է ջրի եւ փուխր բեկորային ապարների խառնուրդից եւ հանկարծակի առաջանում է ոչ մեծ լեռնային գետերի ավազաններում ուժգին անձրեւների կամ ձյան բուռն հալման, ինչպես նաեւ՝ քարակարկառների եւ անցկալների ճեղքման հետեւանքով։
Դասակարգվում է ըստ հզորության (ուժեղ, միջին եւ թույլ հզորությունների)։

Ձնահյուս

Լեռների զառիվար լանջերով դեպի ներքեւ արագ, հանկարծակի առաջացող ձյան եւ (կամ) սառույցի շարժում, որը սպառնում է մարդկանց կյանքի եւ առողջությանը, պատճառում է նյութական վնասներ։

Հեղեղում

Տարածքների ջրածածկում, որը կարող է առաջանալ հորդացման, գետավարարման, սառցակուտակման, սառցակապության, գետաբերանում ջրի ավելացման ժամանակ գետի ջրի բարձրացման հետեւանքով, ինչպես նաեւ ջրատեխնիկական կառույցների ճեղքման դեպքում։

Գետավարարում

Գետի ջրային ռեժիմի փուլ, որը տվյալ կլիմայական պայմաններում կրկնվում է ամեն տարի միեւնույն ժամանակ, առաջանում է ձնհալքի կամ ձյան ու սառցադաշտի համատեղ հալման հետեւանքով եւ բնութագրվում է առավելագույն ջրայնությամբ, հորդացած եւ տեւական ջրի մակարդակի բարձրացմամբ՝ տվյալ գետի բացարձակ առավելագույն ելքի (ծախսի) 90 տոկոսից ավելիի դեպքում։

Հորդացում

Գետի ջրային ռեժիմի փուլ, որը կարող է բազմիցս կրկնվել տարվա տարբեր եղանակներին, բնութագրվում է ջրի ծախսի եւ մակարդակի կտրուկ ու կարճատեւ բարձրացմամբ եւ առաջանում է անձրեւների եւ ձնհալքի հետեւանքով՝ տվյալ գետի բացարձակ առավելագույն ելքի (ծախսի) 90 տոկոսից ավելիի դեպքում։

Ջրակալում

Գետնաջրերի մակարդակի բարձրացում, որը խախտում է տարածքի բնականոն օգտագործումը, շինարարությունը եւ դրա վրա տեղադրված օբյեկտների շահագործումը։

Ջրածածկում

Գետավարարման կամ հորդացման ժամանակաշրջանում տարածքների ծածկումը ջրով։

Ցածր նվազամակարդակ

Ջրի ելքի (ծախսի) նվազում ջրաբաշխման կառույցների նախագծային նշումներից ցածր կամ տվյալ գետի բացարձակ նվազագույն ելքի (ծախսի) 90 տոկոսից ավելիի դեպքում։


4. Վտանգավոր օդերեւութաբանական երեւույթներ եւ ընթացքներ

Մթնոլորտում առաջացած բնական երեւույթներ եւ ընթացքներ տարբեր բնական գործոնների կամ դրանց միասնական ազդեցությամբ, որոնք ունեն կամ կարող են ունենալ խոցող ներգործություն մարդկանց, գյուղատնտեսական բույսերի եւ կենդանիների, տնտեսական նշանակություն ունեցող օբյեկտների եւ շրջակա բնական միջավայրի վրա։

ՈՒժեղ քամի

Օդի շարժումը երկրի մակերեւույթի նկատմամբ այնպիսի արագությամբ կամ արագության հորիզոնական բաղադրիչով, որը 14մ/վ-ից ավելի է։

Փոթորկանք

Քամու կտրուկ կարճատեւ ուժգնացում մինչեւ 20-32մ/վ, որն ուղեկցվում է փոխանցական (կոնվեկցիոն) ընթացքների հետ կապված դրա ուղղության փոփոխմամբ։

Փոթորիկ

Ավերիչ ուժգնությամբ եւ զգալի երկարատեւությամբ քամի, որի արագությունը գերազանցում է 32մ/վ։

Ցիկլոն

Օդի ցածր ճնշմամբ եւ քամու փոթորկային արագությամբ մթնոլորտային խոտորում, որն առաջանում է արեւադարձային գոտիներում եւ հանգեցնում ավերածությունների եւ մարդկային զոհերի։
Արեւադարձային ցիկլոնի տեղական անվանումը՝ տայֆուն է։

Մրրիկ

20մ/վ-ից ավելի արագությամբ երկարատեւ շատ ուժեղ քամի, որը առաջացնում է ուժեղ ալեկոծություններ ծովում եւ ավերածություններ ցամաքում։

Տեւական անձրեւ

12-ից 48 ժամվա ընթացքում 70մմ-ից ոչ պակաս հեղուկ տեղումների քանակ, որը կարող է առաջացնել գետերի հորդացումներ, ջրածածկումներ։

Տեղատարափ

Կարճատեւ մթնոլորտային տեղումներ՝ մեծ ուժգնությամբ, սովորաբար անձրեւի կամ ձյան տեսքով։ Քանակը՝ 30մմ եւ ավելի՝ մինչեւ 1 ժամվա ընթացքում։

Կարկուտ

Մթնոլորտային տեղումներ, որոնք գալիս են տարվա տաք ժամանակաշրջանում 5մմ մինչեւ 15մմ (20մմ-ից ավելիի դեպքում՝ խոշոր կարկուտ) տրամագծով խիտ սառցամասնիկների տեսքով, սովորաբար տեղատարափի հետ համատեղ ամպրոպի ժամանակ։

ՈՒժեղ ձյունատեղում

Երկարատեւ ուժգին ձյունաթափում, որը բերում է տեսանելիության զգալի նվազեցմանը եւ փոխադրամիջոցների երթեւեկության դժվարեցմանը (խափանմանը)։ Քանակը 20մմ եւ ավելի՝ մինչեւ 12 ժամվա ընթացքում։

Ամպրոպ

Մթնոլորտային երեւույթ, կապված հզոր կույտաանձրեւային ամպերի զարգացման հետ, ուղեկցվող երկնքի եւ երկրի միջեւ բազմաթիվ էլեկտրական պարպումներով, ձայնային երեւույթներով, ուժեղ տեղումներով, երբեմն կարկուտով։

Մերկասառույց

Խիտ սառույցի շերտ, որն առաջանում է երկրի մակերեւույթի վրա անձրեւի կամ մառախուղի գերպաղած կաթիլների սառցակալման դեպքում։

ՈՒժեղ ձյունաբուք

Երկրի մակերեւույթի վերեւում ուժեղ քամու միջոցով ձյան տարածում, հնարավոր է տեղացող ձյան հետ մեկտեղ, որը հանգեցնում է տեսանելիության նվազեցմանը եւ հաղորդակցուղիների խափանմանը։ 12 եւ ավելի ժամվա ընթացքում՝ 15մ/վրկ եւ ավելի քամու արագության եւ 500 մետրց պակաս տեսանելիության պայմանով։