Նորություններ

Պաշտոնական

ՆԳ նախարարն այցելել է Ասկերանի շրջանային ԱԻ բաժին, հետևել բերքահավաքին ընդառաջ իրականացված հակահրդեհային միջոցառումներին:

14-06-2022



Հացահատկային մշակաբույսերի բերքահավաքի մեկնարկի հետ նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատանքների պատասխանատու շրջանն է սկսվում: Հրդեհների տարածման համար բավարար պայմաններն առկա են: Դրանց դեմ պայքարին նախապատրաստվելիս՝ ԱԻ ծառայությունում հաշվի են առնում նախորդ տարիների փորձը:

Շրջանային բոլոր բաժիններում այս օրերին նախապատրաստական վերջին աշխատանքներն են ընթանում: ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը՝ ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի ուղեկցությամբ, այցելել է Ասկերանի շրջանային ԱԻ բաժին, հանդիպել անձնակազմի հետ, տվել մի շարք հանձնարարականներ, հետաքրքրվել տեխնիկական ապահովվածությամբ ու դրանց սարքինությամբ:

«Բերքահավաքն անկորուստ կազմակերպելու նպատակով՝ գույքագրել ունեցած հնարավորությունները, տարածքները վերահսկող հրշեջ հենակետերում անհրաժեշտության դեպքում տրամադրել լրացուցիչ մարտական հաշվարկներ ու նաև ջրատար մեքենաներ:

Բերքահավաքի շրջանին ընդառաջ մեզ համար կարևոր է համագործակցել այն կառույցների ու անհատների հետ, ովքեր անմիջականորեն ներգրավված են այդ աշխատանքներում»-նշել է Կարեն Սարգսյանը:

ԱԻ պետական ծառայության և ոստիկանության շրջանային բաժինների ծառայողների հետ նախարարի հանդիպումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: