Նորություններ

Պաշտոնական

Ցուցաբերենք պատասխանատվություն և միասին հաղթահարենք տարվա հրդեհավտանգ շրջանը

13-07-2022



Հարգելի՛ հայրենակիցներ

Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, Հանրապետության տարածքում կտրուկ ավելացել է հրդեհի առաջացման վտանգները։

ԱԻ պետական ծառայությունը հրդեհավտանգ շրջանին ընդառաջ նախապատրաստվել և ի մի է բերել ողջ հնարավորությունները` հրդեհային վտանգները ժամանակին կանխելու և դրանցից բխող վտանգները չեզոքացնելու համար։

Նախապես թարմացվել՝ նոր սարքավորումներով ու տեխնիկական միջոցներով համալրվել է կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների նյութատեխնիկական բազան։

Համագործակցելով շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ՝ հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքների հարևանությամբ ծավալված հրշեջ հենակետերում և Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում մշտական դիտարկումներ և շուրջօրյա հերթապահություն են իրականացվում:

Սակայն, այս ամենն առ ոչինչ է, եթե քաղաքացիներն իրենք չմտահոգվեն նյութական ու էկոլոգիական խնդիրներով ու իրենց բարձր պատասխանատվությամբ չնպաստեն հրդեհների ու այլ բնույթի պատահարների կանխարգելմանը։

Ըստ ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության վերլուծությունների՝ հրդեհների մեծ մասն առաջանում է բնակիչների անփութության հետևանքով, կրակի հետ անզգույշ վերաբերմունքից, ծխելու ժամանակ հակահրդեհային անվտանգության կանոնների խախտումներից:

Ուստի, ևս մեկ անգամ հորդորում և կո՛չ ենք անում, խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
Ակնկալում ենք համագործակցության բարձր մակարդակ: Ցուցաբերենք պատասխանատվություն և միասին հաղթահարենք տարվա հրդեհավտանգ շրջանը:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյան