Նորություններ

Պաշտոնական

629 ահազանգ, որից 58-ը արտակարգ՝ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը:

15-08-2022



Օգոստոսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է տեխնածին 23 և սոցիալ-կենցաղային բնույթի ՝ 21 կանչ:

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով շաբաթվա ընթացքում աճել է հրդեհների քանակը, արձանագրված 19 հրդեհի դեպքի, գերակշիռ մասը կազմում է չոր խոտատարածքներում բռնկված հրդեհները:

Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները և հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները օպերատիվորեն հակազդել ու անհրաժեշտ մակարդակով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Արձանագրենք, որ հրդեհների հետևանքով ոչ ոք չի տուժել և նյութական լուրջ վնասներ չեն գրանցվել:

Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին, փրկարարները կատարել են փակված 6 դռան և 4 վերելակի բացում, 3 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություններ, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 5 ելք, մեկ դեպքում իրականացվել է բարձունքային աշխատանքներ և 2 դեպքում փրկարարներն արձագանքել են այլ բնույթի կանչերի:

ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ նշված ժամանակահատվածում ստացվել է մեկ ահազանգ, օգոստոսի 12-ին ժամը 08:50-ի սահմաններում փրկարարները մեկնել են Ստեփանակերտ քաղաքի Մելիքավան թաղամաս, որտեղ պատահարի հետևանքով մահացել է 4 կին, և համապատասխան փրկարարական միջոցների օգնությամբ ավտոմեքենայից հանել են դիերը և տեղափոխել «Դատաբժշկական փորձաքնության բյուրո» ՊՈԱԿ:

Օձի հայտնաբերման վերաբերյալ շաբաթվա ընթացքում ստացվել է 3 ահազանգ: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն՝ թունավոր սողուններին տեղափոխելով անվտանգ տարածք:

Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու և շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման աշխատանքներ:
Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում վնասազերծվել է հակահետևակային 1 ական, հրթիռակասետային 22 ռումբ, ականանետի 2 ական, գնդիկաբեկորային 7 ավիառումբ, մեկական ձեռքի և նռնականետի նռնակ:

ԱԻ պետական щառայության կենտրոնական ապարատի և շրջանային բաժինների բոլոր ստորաբաժանումները բնակչության անվտանգության ապահովման նպատակով ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն:
Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112: