Նորություններ

Պաշտոնական

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

29-08-2022



Օգոստոսի 22-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 1932 զանգ, որից 1812-ը ճանաչողական բնույթի: Մեծաքանակ զանգերի պատճառը օգոստոսի 25-ին մայրաքաղաքի «Պլատոչնի» տեղանքում բռնկված հրդեհի և ուղեկցող պայթյունների հետ է կապված:

Նախորդ շաբաթվա համեմատ կտրուկ աճել է հրդեհների քանակը, որը պայմանավորված է ջերմաստիճանի բարձրացմամբ և դրան զուգահեռ՝ քաղաքացիների անուշադրության հետևանքով: Շաբաթվա ընթացքում Հանրապետությունում հրդեհի 58 դեպք է գրանցվել, հիմնականում չոր խոտածածկույթներում և ենթատարածքներում: Հրշեջ փրկարարները ժամանակին իրականացրել են շիջման և մարման աշխատանքներ, նվազագույնի հացրել նյութական և գույքային կորուստները:

Շաբաթվա արտակարգ դեպքը գրանցվել է օգոստոսի 25-ին՝ Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի 20 հասցեում, որտեղ տեղակայված են եղել մի քանի արտադրական ընկերություններ, այդ թվում՝ թթվածնային սարքավորումների արտադրամաս:

Առաջացած հրդեհին անմիջապես հաջորդել է պայթյուններ, ինչը մայրաքաղաքում արտակարգ իրավիճակ է ստեղծել: ՆԳՆ ծառայողների շնորհիվ հնարավոր է եղել կանխել վտանգը:

Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարները, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն ու սակրավորները՝ ղեկավար կազմի ցուցումներով ու գործուն մասնակցությամբ, իրականացրել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները և լիքվիդացրել կրակը:

Կենցաղային բնույթի 11 պատահարներից 9–ի դեպքում փրկարարները բացել են փակված դռան 8 և 1 վերելակի բացում: ԱԻ ծառայողների օգնությամբ առողջական խնդիր ունեցող 2 քաղաքացի տեղափոխվել են բժշկական հաստատություններ:

Սակրավորական խմբերը Հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել հետախուզական աշխատանքներ՝ չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման ուղղությամբ:

Յոթ օրվա ընթացքում մայրաքաղաքի հարակից տարածքներից և շրջաններից հայտնաբերվել է տարբեր տեսակի ու տրամաչափի 218 ռազմամթերք:

Փրկարարի առաքելության հիմքում սերն ու հոգատարությունն են՝ մեկտեղված պատասխանատվության բարձր գիտակցման հետ։ Աշխատանքին անմնացորդ նվիրումն ու քաղաքացիների հանդեպ սրտացավությունն ավելի է ամրապնդում ծառայության հանդեպ մեր հայրենակիցների հարգանքն ու վստահությունը:

Հետադարձ կապ՝ -911: