Նորություններ

Պաշտոնական

Հարգելի՛ հայրենակիցներ

30-10-2022



Հոկտեմբերի 30-ը ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի մասնագիտական օրն է: Այս տարի նշում ենք նաև կառույցի կազմավորման հոբելյանական 30-ամյակը:

Ի սրտե շնորհավորում եմ իմ գործընկերներին, ովքեր իրենց նվիրվածությամբ ամեն օր դիմակայում են տարատեսակ մարտահրավերների:

2020 թվականին Արցախի դեմ սկսված ռազմական գործողությունների և դրանից հետո ստեղծված իրավիճակում, Արցախի փրկարարները կրկին անգամ հավատարիմ մնալով իրենց կոչմանը, ապացուցեցին այն պարզ ճշմարտությունը, որ ուրիշի ցավ չկա:Սա էլ իր հերթին վկայում է, որ ԱԻՊԾ-ն կայացած և ամուր պետական կառույց է:

Աղետների հետևանքների վերացմանն ուղղված մեր ունեցած հնարավորությունների հետ մեկտեղ, մենք չենք դադարում վերապատրաստել նոր մասնագետներ, անձնակազմը համալրել բանիմաց ու արհեստավարժ կադրերով, ժամանակակից փրկարարական միջոցներով ապահովել նյութատեխնիկական բազան, վերանորոգել ու վերազինել տարածքային ստորաբաժանումները:

Մեր երկրի շուրջ ու տարածաշրջանում ստեղծված այս խառնաշփոթի մեջ կա մի բարձրագույն ու անձեռնամխելի արժեք, դա մարդն է՝ նրա կյանքի փրկությունը, նրա անվտանգության ապահովումը, որին էլ միտված է ՆԳ նախարարության համակարգի ու հատկապես փրկարարների գործունեությունը:

Որևէ գնահատական չի կարող համարժեք լինել այն ամենին, ինչ Արցախի փրկարարներն անում են այս օրերին, մեր հայրենակիցներից ստանալով շնորհակալության ու երախտիքի բազմաթիվ խոսքեր: Դա հարգանքի ու վստահության արգասիք է:

Խոնարհումս հայրենիքի պաշտպանության ժամանակ իրենց մասնագիտական պարտքը կատարելիս անմահացած փրկարար ծառայողների հիշատակի առաջ: Հավե՜րժ փառք ու խոնարհում բոլոր հերոսներին: Նրանց ընտանիքները մշտապես գտնվում են պետության հոգածության ներքո:
Սիրելի՛ գործընկերներ

Ապրելով չափազանց պատասխանատու շրջափուլում, այսուհետ ևս թիմային մտածողության ու կոլեկտիվ համերաշխության մթնոլորտում կշարունակենք մարդասիրական առաքելությունը, մշտապես համագործակցելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ:

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորիդ: Մաղթում եմ ամենայն բարիք և անվտանգ ծառայություն:
Հարգանքով՝ Արցախի Հանրապետության ՆԳ նախարար ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ