Նորություններ

Պաշտոնական

ՆԳ նախարարությունն իրազեկում է

12-11-2022



ՆԳ նախարարությունը՝ հաշվի առնելով նախորդ տարիների վերլուծության արդյունքները, գազով բնակարանները ջեռուցող և կամ ջրատաքացուցիչ սարքեր օգտագործող քաղաքացիներին հորդորում և իրազեկում է.

Շմոլ գազի թունավորման դեպքերը նվազագույնի հասցնելու և կամ իսպառ բացառելու լավագույն պաշտպանությունը՝ թունավորումը կանխելն է։
Շմոլ գազը չունի համ, գույն և հոտ, այն չի գրգռում շնչուղիները և մաշկը, հեշտությամբ խառնվում է օդի հետ, մարդն այն շնչում է ու շնչահեղձ լինում։ CO գազից թունավորվելու առաջին ախտանիշներն են գլխացավը, հոգնածությունը, հևոցը, չոր հազը, սրտխառնոցը։ Ավելի լուրջ ախտանիշներն են հավասարակշռության, տեսողության և գիտակցության կորուստը կամ հիշողության խանգարումը։

Ընդ որում, այդ ամենը կարող է տևել ընդամենը 2 ժամ։ Շմոլ գազով թունավորման դեմ չկա հակաթույն, առաջին օգնությունը տուժածին մեծ քանակությամբ թթվածին տալն է։ Իսկ դրա համար անհրաժեշտ է մասնագիտական օգնություն։

Մինչև բժիշկների գալը պետք է հանել տուժածի նեղ հագուստները, նրան դուրս բերել մաքուր օդի, որից հետո ծածկել վերմակով կամ տաք հագուստով, քանի որ ածխածնի մոնօքսիդի թունավորման դեպքում խախտվում է ջերմակարգավորումը և հնարավոր է գերսառեցում առաջանա։
Բոլոր այս միջոցները, ցավոք, կօգնեն միայն թույլ թունավորման դեպքում: Ածխածնի մոնօքսիդը շատ ուժեղ թույն է, և ուժեղ թունավորման դեպքում անգամ բժշկությունն է անզոր:

Դրա համար խորհուրդ է տրվում տունը տաքացնելու համար գազի վառարան չօգտագործել, պարբերաբար ստուգել գազի սարքերի աշխատանքն ու ջեռուցման սարքավորումները, պարբերաբար օդափոխել սենյակը։ Անհրաժեշտ է հոգալ նաև ծխնելույզի մաքրության, սենյակների օդափոխության մասին։ Չի կարելի փակել տարածքի բոլոր օդափոխության համակարգերը:

Ավտոտնակում ևս չի կարելի աշխատել ավտոմեքենայի միացրած շարժիչի ու փակ դռան պայմաններում։ Սեփական անվտանգության համար անհրաժեշտ է բնակարանը կամ ավտոտնակն ապահովել անվտանգության սարքերով, որոնք ազդանշան կարձակեն գազի ու շմոլ գազի արտահոսքի դեպքում:

Մեր պատասխանատվությամբ ու հետևողականությամբ խուսափենք ողբերգական դեպքերից: