Նորություններ

Պաշտոնական

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

21-11-2022



Նոյեմբերի 14-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության Կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 801 զանգ, որից 19-ը՝ տեխնածին, 21-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն արձագանքել են ստացված բոլոր կենցաղային և տեխնածին բնույթի ահազանգերին՝ կատարելով փակված 7 դռան և 4 վերելակի բացում, ազատ տեղաշարժի համար սահմանափակ կարողություն ունեցող մեկ քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է բուժհաստատություն:

Հրշեջ փրկարարներն անցած շաբաթվա ընթացքում կատարել են 10 ելք, որից 6-ը՝ բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով: Բաց տարածքում՝ չոր ենթատարածքներում հրդեհի 3 կանչ է գրանցվել Մարտակերտի վերին ենթաշրջանում և Ասկերանի շրջանում: Բնակելի տարածքում՝ էլեկտրալարերի կարճ միացման պատճառով հրդեհի վերաբերյալ մեկ կանչ գրանցվել է Մարտակերտ քաղաքում: Հրշեջ փրկարարների կանխարգելիչ գործողությունների արդյունքում՝ կրակը մարվել է ժամանակին:

Կյանքի համար վտանգ ներկայացնող սպառնալիքները կանխելու նպատակով՝ փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo Trust» կազմակերպության սակրավորների հետ շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 10 ելք: Հայտնաբերվել է շուրջ 230 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

ԱԻ պետական ծառայությունը Հանրապետության ողջ տարածքում իրականացնում է շուրջօրյա համակարգված աշխատանք, նպատակ ունենալով ապահովել բնակչության անվտանգությունն ու կանխել սպասվող սպառնալիքները:

Բնակչության կանչերին զուգահեռ, կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումների ծառայողները ՆԳ նախարարի կարգադրություններով ու ԱԻՊԾ տնօրենի հրամաններով՝ փրկարար ծառայողների գիտական ու տեսական գիտելիքների մակարդակը բարձրացնելու եւ բարելավելու նպատակով, իրականացվում է տարվա պլանով նախատեսված բոլոր ուսումնական դասընթացներն ու միջոցառումները:

Տեղեկատու հեռախոսներ՝ 911, 101, 112. /047/ 94-09-11