Նորություններ

Պաշտոնական

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

13-03-2023



Մարտի 6-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու շրջանային բաժինների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 907 զանգ: Դրանցից 15-ը՝ տեխնածին, 29-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են, մյուս բոլոր զանգերը ճանաչողական բնույթի են:

Հոսանքի տատանումների պատճառով ճգնաժամային կառավարման կենտրոնում ավելացել է վերելակների խափանումների մասին ահազանգերը: Անցած շաբաթվա ընթացքում փրկարարները կատարել են 9 վերելակի և փակված 7 դռան բացում: Առողջական խնդիր ունեցող 1 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է բուժհաստատություն:

Յոթ օրվա ընթացքում ծառայության հրշեջ փրկարարները կատարել են 26 ելք, որից միայն 12-ը՝ Ստեփանակերտի տարածքում: Մահվան ելքով հրդեհի դեպք է գրանցվել մարտի 12-ին՝ Մարտունու շրջանի Եմիշճան համայնքում: Բնակարանում բռնկված հրդեհի նախնական պատճառ է հանդիսացել վառելափայտով ջեռուցվող վառարանը։

ՆԳՆ ծառայողները 2-րդ հարկի ննջասենյակում հայտնաբերել են Եմիշճան համայնքի 62-ամյա բնակչի դին։ Ստուգմամբ զբաղվում է քննչական կոմիտեն:

Տնամերձ այգիներում և այլ ցանքատարածքներում սկսվել են գյուղատնտեսական աշխատանքները, ըստ այդմ՝ նաև չոր խոտածածկույթներում հրդեհի բռնկման դեպքերը: Անցած շաբաթվա ընթացքում խոտածածկ տարածքներում և դրաց ենթատարածքներում հրդեհի բռնկման 20 դեպք է արձանագրվել: ԱԻ ծառայությունը հորդորում է կրակ վառելու դեպքում լինել հետևողական, այդ կերպ կանխելով դրա տարածումը:

Կյանքի համար վտանգ ներկայացնող սպառնալիքները կանխելու նպատակով՝ փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի և The Halo Trust ականազերծող կազմակերպության հետ, հանրապետության տարածքում շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները:

Մարտի 6-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ԱԻՊԾ սակրավորներն Արցախի տարածքից հայտնաբերել են շուրջ 206 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

Շուրջօրյա ծառայության ընթացքում փրկարարաները ժամանակին արձագանքում են բոլոր ահազանգերին և պատշաճ կերպով ապահովում ներքին անվտանգությունը, կատարելով բնակչությանն օգնելու պատասխանատու գործը:

Շուրջօրյա գործող հեռախոսահամարներն են՝ 911,101,112: