Նորություններ

Պաշտոնական

ԱԻ պետական ծառայությունն այսօր հյուրընկալել է դպրոցականներին

22-05-2023



Ստեփանակերտի N3 դպրոցի աշակերտները՝ դասղեկ Գայանե Զաքիյանի նախաձեռնությամբ, հայրենասիրական դաս-միջոցառման շրջանակում այցելել են ԱԻ պետական ծառայություն, շրջել տարածքում, ծանոթացել փրկարարների առօրյային, փրկարարական, հրշեջ-փրկարարական և սակրավորական աշխատանքներին:

Երեխաներին, նախ ուղեկցել են ուսումնական մասի պատկերասրահ, որտեղ լուսանկարների տեսքով ներկայացված են որոնողափրկարարական, հրդեհաշիջման, սակրավորական և վթարափրկարարական աշխատանքների մասին։ Փրկարար ուժերի վարչության պլանավորման և պատրաստության բաժնի ավագ սպա Միքայել Ներսիսյանը մեկնաբանել է յուրաքանչյուր լուսանկարի պատմությունը:

Դպրոցականները հրշեջ-փրկարար մասում ծանոթացել են հրշեջ-փրկարարների հետ: Վերջիններս, կատարել են հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական վարժություններ։

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը, «Փրկարարական աշխատանքներ բարձունքի վրա, տուժածի տարհանում և անվտանգ տեղափոխում» թեմաներով ներկայացրել է ցուցադրական ելույթներ:

Կարևորելով փրկարար ոլորտի նկատմամբ նոր սերնդի հետաքրքրությունն ու ճանաչողական բնույթի հանդիպումները, դպրոցականներին ողջունել է ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը:

Փրկարարական աշխատանքի վերաբերյալ աշակերտները ստացել են գործնական գիտելիքներ և էքստրեմալ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու համար անհրաժեշտ հմտություններ:

Փրկարարները պատասխանել են նաև երեխաներին հուզող հարցերին, ներառելով նրանց փրկարարական տարբեր աշխատանքներում։