ՀայերենEnglishРусский

ԱԻ հանրագիտարան

Առաջին օգնություն

Պատահարներ ջրում

12-01-2017


  Ինչ անել

  Պատահարը գնահատելու համար եղեք զգոն եւ ուշադիր ցանկացած արտասովոր նշանի նկատմամբ: Դուք կարող եք նկատել լողորդի տարօրինակ վարքագիծը, լսել նրա ճիչը կամ ջրի հանկարծակի ճողփյուն: Հաշվի առեք, որ ջրում խեղդվող մարդկանց մեծ մասն օգնություն կանչել չի կարողանում: Նրանք ամեն ինչ անում են գլուխը ջրի մակերեսին պահելու համար: Ուշադիր եղեք, եւ եթե տեսնում եք որեւէ մեկին, որը ջրում տարօրինակ շարժումներ է կատարում կամ փորձում է լողալ եւ առաջ չի գնում, ապա հնարավոր է, որ նա օգնության կարիք ունի:
Պատահարը ճանաչելուց եւ գնահատելուց հետո, ինչպես յուրաքանչյուր դժբախտ պատահարի դեպքում, գործեք զգուշորեն: Եթե տուժածը գտնվում է ջրում, ապա առաջին հերթին փորձեք նրան օգնություն ցույց տալ առանց ջուր մտնելու: Օգնելու նպատակով ջուր նետվելով` դուք նույնպես կարող եք տուժած դառնալ:
  Քաջալերեք ջրում գտնվող տուժածին, խոսեք նրա հետ: Հնարավոր է, որ հետեւելով ձեր հանգիստ եւ քաջալերող խորհուրդներին` տուժածն ինքնուրույն հասնի ապահով տեղ: Հակառակ դեպքում դուք կարող եք նրան մեկնել որեւէ առարկա, օրինակ` ձող, ծառի ճյուղ, գոտի եւ այլն: Երբ տուժածն ամուր բռնի առարկայից, մի փոքր կռացեք եւ մարմնով հետ ընկնելով՝ դանդաղ ու զգուշորեն քաշեք նրան դեպի ապահով տեղ: Եթե ձեռքի տակ ոչ մի հարմար առարկա չունեք, պառկեք ջրավազանի եզրին եւ ձեր ձեռքը մեկնեք տուժածին:
Ձեզանից հեռու գտնվող տուժածին փրկելու համար կարելի է նրա կողմը նետել ջրի մակերեսին լողացող որեւէ առարկա` պարանով կապած: Օրինակ` փրկարար օղակ, կիսով չափ ջրով լցված պլաստմասսայե տարողություն, անվադող եւ այլն:
Կանգնեք նետող ձեռքի կողմի ոտքը մի փոքր հետ, իսկ մյուս ոտքով կանգնեք պարանի ծայրին: Պարանի կեսը փաթաթած վիճակում պահեք ձեր մի ձեռքում, մյուսով նետեք առարկան` ներքեւից դեպի վեր ուղղված շարժումով: Փրկարարական միջոցը նետեք տուժածից մի փոքր հեռու, այնուհետեւ քաշելով բերեք նրան մոտ: Ասեք տուժածին, որ ամուր բռնվի դրանից: Երբ տուժածն ամուր կառչի առարկայից, մարմնով հետ ընկնելով դանդաղ եւ զգուշորեն քաշեք նրան դեպի ապահով տեղ:
  Որոշ դեպքերում, եթե համոզված եք, որ ջուրը ծանծաղ է եւ կանգնած վիճակում չի ծածկում ձեր գլուխը, տուժածին փրկելու համար կարող եք մտնել ջուրը: Գտնվելով ջրի մեջ՝ դարձյալ ավելի ապահով է տուժածին որեւէ առարկա մեկնելը: Աշխատեք այնպես անել, որ առարկան լինի ձեր եւ տուժածի միջեւ, որպեսզի վերջինս չկառչի ձեզնից:
  Եթե կարող եք տուժածին հասնել, եւ եթե նա երեսնիվայր է պառկած ջրի մեջ, զգուշորեն շրջեք նրան եւ թեւատակերից բռնելով՝ հետ-հետ քայլելով տեղափոխեք նրան ջրի միջով մինչեւ լողավազանի եզրը, հետո հանեք նրան ջրից:
  Եթե կասկածում եք, որ տուժածն ունի ողնաշարի վնասվածք, ապա ձեր հիմնական խնդիրը տուժածի դեմքը ջրից դուրս պահելն ու գլխի եւ ողնաշարի շարժումները կանխելն է: Այդ նպատակով զգուշորեն բռնեք նրա բազուկներից, վեր բարձրացրեք ձեռքերը գլխի երկայնքով: Տուժածի ձեռքերը գլխին սեղմելով` նրան շրջեք երեսով դեպի վեր: Մի ձեռքով պահեք տուժածի գլուխը բազուկների միջեւ, իսկ մյուս ձեռքն անցկացրեք ազդրերի տակով: Աշխատեք տուժածի մարմինը պահել հորիզոնական դիրքով՝ դեմքը ջրից դուրս: Մինչեւ օգնության ժամանումը պահեք տուժածին ջրի մեջ այս դիրքում:
  Տուժածին ափ հանելուց հետո շնչուղիներից ջրի եւ այլ հեղուկների արտահոսքն ապահովելու համար նրան շրջեք երեսնիվայր, այնուհետեւ զննեք տուժածին եւ գործեք իրավիճակին համապատասխան:
  Եթե ինքներդ եք հայտնվել խեղդվողի դերում, առաջին հերթին խուճապի մի՛ մատնվեք, փորձեք օգնության ազդանշան տալ եւ մնալ ջրի երեսին, մինչեւ օգնությունը հասնի:
  Եթե անսպասելիորեն ջուրն եք ընկել, ջրի վրա լողալու կամ ջրի մակերեսին մնալու համար հնարավոր է, որ հագուստը ձեզ խանգարի եւ այն հանելու կարիք լինի: Սակայն որոշ դեպքերում կարող եք օգտագործել ձեր հագուստը հօգուտ ձեզ: Եթե ձեզ հաջողվի օդ հավաքել վերնաշապիկի ուսերի մասում, ապա փրկվելն ավելի հեշտ կլինի: Դրա համար հանգուցեք վերնաշապիկի ստորին եզրերը կամ վերնաշապիկը դրեք անդրավարտիքի գոտու տակ: Խոր շունչ քաշեք, գլուխը թեքեք առաջ, քաշեք վերնաշապիկը դեպի վեր եւ փչեք վերնաշապիկի բացվածքի մեջ: Ներփչած օդը բարձրանում եւ վերնաշապիկի ուսերի հատվածում բուշտ է առաջացնում, որն օգնում է ձեզ մնալ ջրի մակերեսին:


Կանխարգելում

  Ջրում տեղի ունեցող դժբախտ պատահարներից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության հետեւյալ կանոները:
Երեխաներին մի թողեք ջրի մոտ առանց հսկողության:
Միշտ ձեռքի տակ ունեցեք փրկարար լողունակ միջոցներ:
Երբեք մենակ ջուր մի մտեք եւ միայնակ մի լողացեք, ինչքան էլ հիանալի լողորդ լինեք:
Ջրի մոտ գտնվելիս ոգելից խմիչքներ մի՛ օգտագործեք:
Լողալու ընթացքում կատակներ մի արեք՝ իրար մի քաշքշեք, փորձեք սուզել եւ այլն: Նման կատակները հաճախ դժբախտ պատահարների պատճառ են դառնում: