ՀայերենEnglishРусский

ԱԻ հանրագիտարան

Առաջին օգնություն

Շնչառական ուղիների փակումն օտար մարմիններով

12-01-2017


  Ու՞մ հետ չի պատահել, որ հանկարծ շնչուղիները փակվեն, ու մի պահ չկարողանա շնչել: Հիմնականում բանն ավարտվում է մի քանի խռպոտ հազով, որի շնորհիվ կոկորդին կանգնած օտար մարմինը դուրս է մղվում: Բայց լինում է եւ այնպես, որ հազը չի օգնում, մարդը՝ չկարողանալով ո՛չ շնչել, ո՛չ խոսել, ո՛չ հազալ, կարմրում է, կապտում…
Սա բավական հաճախ հանդիպող իրավիճակ է, որ ավելի շատ առաջանում է մանկահասակ երեխաների շրջանում: Ու քանի որ նման իրավիճակներում շատ կարեւոր է արագ եւ ճիշտ առաջին օգնություն կամ ինքնօգնություն ցույց տալը՝ ուստի հարկ է, որ բոլորն իմանան, թե ինչու՞ եւ ինչպե՞ս են փակվում շնչուղիները եւ փրկության ի՞նչ միջոցներ կան:
Շնչառական ուղիները կարող են փակվել (խցանվել)՝
- սննդով,
- փոքր խաղալիքներով կամ դրանց կտորներով,
- փոքր առարկաներով (կոճակ, ուլունք, մետաղադրամ, խճաքար),
- փսխման զանգվածներով,
- արյունով, լորձով, թքով:
Շնչուղիները սննդամթերքով չխցանվելու համար հարկավոր է պահպանել այն կանոնները, որոնք նաեւ գեղագիտության ասպարեզից են: Նախ՝ չի կարելի ագահորեն կուլ տալ պատառներն առանց ծամելու: Հետո՝ չի կարելի ուտելիս խոսել, ծիծաղել, մտածել այլ բաների մասին, զարմանալ: Հատկապես վտանգավոր են ուտելով, ծամելով քայլելը կամ վազելը, խաղալը:
Երբ շնչուղիները փակվում են՝ մարդու շնչառությունն անմիջապես դադարում է, նա կորցնում է գիտակցությունը, ուշաթափվում է, եւ եթե անհապաղ օգնություն չստանա՝ կարող է մահանալ: Ճիշտ օգնություն ցույց տալու համար նախ պետք է իմանալ, թե ինչ նշաններ են ի հայտ գալիս, երբ շնչուղիները խցանվել են:
- Սովորաբար մարդը մեկ կամ երկու ձեռքով բռնում է կոկորդը կամ կրծքավանդակը:
- Չի կարողանում խոսել, շնչել, հազալ:
- Ոմանք կարողանում են թույլ հազալ կամ անբնական սուր ձայներ հանել, խզխզացնել:
- Մարդու դեմքը կարմրում է, հետո՝ սկսում է կապտել, պարանոցի երակներն ուռչում են:
- Անհանգստությունը կարող է վերաճել գիտակցության կորստի՝ ուշաթափության:

  Շնչուղիների խցանման դեպքում ցուցաբերվող առաջին օգնությունը

  Նախ եւ առաջ հիշե՛ք, որ չի կարելի փորձել օտար մարմինը հանել մատներով: Ինչպես ասում են՝ կարող եք ունքը շինելու տեղն աչքն էլ հանել. կարող եք օտար մարմինն ավելի խոր խցկել շնչափողը: Անմիջապես կանչեք օգնություն, որեւէ մեկին ուղարկեք զանգահարելու շտապ օգնություն ու անհապաղ սկսեք օգնություն ցույց տալ տուժածին: Իզուր ժամանակ չվատնեք նրա բերանը հետազոտելու վրա:Շնչուղիները բացելու ամենատարածված ձեւը Հեմլիխի մեթոդն է, որն իր անունը ստացել է այն հայտնաբերողից՝ ամերիկացի վիրաբույժ Հենրի Հեմլիխից: Մեթոդը հետեւյալն է. կտրուկ սեղմում է կատարվում որովայնի վրա, որից թոքերում եւ շնչուղիներում եղած օդն ուժով դուրս է գալիս՝ իր հետ դուրս մղելով եւ օտար մարմինը, ճիշտ այնպես, ինչպես շամպայնի շշի խցանն է դուրս թռչում գազի ճնշման տակ:
Որովայնային սեղմումներ կատարելու համար կանգնում եք տուժածի հետեւում եւ ձեռքերով գրկում նրան: Տուժածը կարող է լինել նստած կամ կանգնած:
Մի բռունցքը բութ մատի կողմով դնում եք նրա որովայնին՝ պորտի եւ կրծոսկրի ծայրի միջեւ եղած տարածության մեջտեղում, մյուս ձեռքով բռնում եք այդ բռունցքը, թեքում մի փոքր վեր ու կատարում կտրուկ, արագ եւ ուժով դեպի վեր ուղղված սեղմում: Սեղմումները կատարեք այնքան ժամանակ, քանի դեռ օտար մարմինը դուրս չի եկել: Արդյունավետության համար նաեւ ճնշում գործադրեք տուժածի կողերի վրա:


  Ի՞նչ անել, երբ խցանվել է ձեր շնչուղին, ու մենակ եք, օգնող չկա: Այս դեպքում էլ կիրառելի է Հեմլիխի մեթոդը, որը կարելի է կատարել երկու եղանակով՝

- բռունցքը դրեք որովայնի սեղմման կետի վրա, մյուս ձեռքով դեպի վեր ուղղված ուժեղ հարված հասցրեք բռունցքին,
- որովայնին սեղմումը կատարեք՝ ամբողջ մարմնով հենվելով տարբեր առարկաների (աթոռի մեջքին, ցանկապատին կամ լվացարանին): Օրինակ՝ հետեւից մոտեցեք աթոռին եւ ամբողջ մարմնով ընկեք թիկնակին: Աշխատեք չհենվել սուր անկյուններ ունեցող առարկաների վրա:
Երբ տուժածը սկսում է ինքնուրույն շնչել կամ հազալ՝ դադարեցրեք սեղմումները, համոզվեք, որ օտար մարմինը դուրս է եկել շնչուղիներից:
Չի բացառվում, որ տուժածը գեր կառուցվածք ունենա, եւ չկարողանաք գրկել նրան: Այդ դեպքում նույն գործողությունը կարելի է կատարել՝ գրկելով տուժածի կրծքավանդակը:

  Մասնակի խցանում

  Երբեմն լինում է այնպես, որ շնչուղին խցանվում է մասնակիորեն, այսինքն՝ օտար մարմինը լրիվ չի փակում այն: Այդ դեպքում մարդը կարողանում է շնչել, խոսել, հազալ: Նրա նեղացած շնչուղիներով օդն անցնելիս խզխզոց է լսվում: Նման վիճակում հայտնվածը չունի անհապաղ օգնության կարիք, եւ եթե հազում է, մի արգելեք նրան հազալ, ընդհակառակը, դա կօգնի, որ օտար մարմինը դուրս գա շնչուղիներից: Չի կարելի ընդունել պառկած դիրք, այդ դեպքում օտար մարմինը կարող է ավելի խոր թափանցել:
Հազը կոչում են "շնչուղիների պահապան շուն": Երբ նույնիսկ աննշան մի օտար մարմին մտնում է շնչուղի՝ մարդը հազում է ու դուրս մղում այն: Այսինքն հազը՝ այդ "շնչուղիների պահապան շունը", միշտ հսկում է շնչուղիները, օտար ոչ մեկին ներս չի թողնում: Ուրեմն՝ երբեք մի զսպեք հազը, մի զրկեք ձեզ ինքնապաշտպանական այդ բնական միջոցից: