ՀայերենEnglishРусский

ԱԻ հանրագիտարան

Առաջին օգնություն

Բարձր ջերմաստիճանից առաջացած ջերմային խանգարումներ

12-01-2017


Ամռան շոգ ու տապ օրերին, երբ ջերմաստիճանը հասնում է մինչեւ 40 աստիճան եւ ավելի, հաճախ են հանդիպում բարձր ջերմաստիճանի գերազդեցության հետեւանքով առաջացած ջերմային խանգարումներ: Հայաստանում ամռան շոգ ու տապ օրերին, երբ ջերմաստիճանը հասնում է մինչեւ 40 աստիճան եւ ավելի, հաճախ են հանդիպում բարձր ջերմաստիճանի գերազդեցության հետեւանքով առաջացած ջերմային խանգարումներ: Ցավոք, փորձը ցույց է տալիս, որ մեծ մասամբ անտեղյակ ենք, թե ինչպես պետք է վարվել այդ դեպքում, ինչ պետք է անել:
Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը 36,6 աստիճան է, որի կայունությունն ապահովվում է ջերմակարգավորման համակարգի միջոցով: Հենց այդ համակարգի նորմալ գործունեության արդյունքում է, որ մարդու մարմինը կարողանում է դիմակայել արտաքին միջավայրի ջերմաստիճանի բավական մեծ տատանումներին: Սակայն բարձր ջերմաստիճանի երկարատեւ ազդեցության հետեւանքով մարմնի ջերմակարգավորման համակարգը կարող է խաթարվել՝ հանգեցնելով տարբեր հիվանդագին վիճակների, ինչպիսիք են` արեւահարությունը, ջերմային հյուծումը:
Կան որոշակի գործոններ, որոնք ազդում են մարմնի ջերմակարգավորման վրա: Դրանք են՝ ջրազրկումը, թերսնումը, վնասվածքների առկայությունը, առողջական վիճակը, տարիքը, ինչպես նաեւ տարած ջերմային խանգարումների նախադեպերը:


Արեւահարություն

Արեւահարությունը հիվանդագին վիճակ է, որն առաջանում է գլխի վրա արեւի ճառագայթների անմիջական եւ երկարատեւ ազդեցության հետեւանքով: Պետք է նշել, որ մանկահասակ երեխաներն ավելի խոցելի են արեւի ճառագայթների անմիջական ազդեցության նկատմամբ, քանի որ նրանց գանգի ոսկրերը բարակ են, մաշկն ու մազերը՝ նուրբ:


Ինչի վրա ուշադրություն դարձնել

Արեւահարության նշանները կարող են ի հայտ գալ ինչպես անմիջապես հետո, այնպես էլ արեւի ճառագայթների ներգործությունից մի քանի ժամ անց: Արեւահարման ժամանակ տուժածի մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչեւ 39 աստիճան եւ ավելի, դեմքի եւ պարանոցի մաշկը լինում է կարմրած ու չոր: Տուժածը գանգատվում է գլխացավից, գլխապտույտից, թուլությունից: Նա կարող է ականջներում աղմուկ զգալ, ունենալ սրտխառնոց, փսխում, արյունահոսություն քթից, հնարավոր են գիտակցության խանգարումներ եւ կորուստ: Արեւահարությունը շատ լուրջ իրավիճակ է: Դա կարող է մարդու կյանքին անմիջական վտանգ սպառնալ: Երբեք անուշադրության մի՛ մատնեք այս վիճակը, անհապաղ սկսեք ցույց տալ առաջին օգնություն եւ դիմեք բժշկի:


Ինչ անել

Երբ մարդու մոտ նկատում եք արեւահարության նշաններ, ապա նրան անմիջապես տեղափոխեք հով, ստվերոտ վայր, օգնեք հարմար դիրք ընդունել: Արձակեք ճնշող կապերը, թեթեւացրեք հագուստը: Տուժածի գլխին դրեք սառը թրջոցներ, ծածկեք նրան խոնավ սավանով: Եթե տուժածը գիտակցությունը չի կորցրել` տվեք խմելու սառը, քաղցր հեղուկներ:
Եկեք վերհիշենք, որ քթից արյունահոսության դեպքում տուժածի գլուխը պետք է առաջ թեքել, որ արյունը շնչուղիների խցանման պատճառ չդառնա:
Եթե մարմնի ջերմաստիճանը հասնում է 39-ի եւ դրանից բարձր կամ տուժածն ունի գիտակցության խանգարումներ՝ անհապաղ ահազանգեք շտապօգնություն: Մինչեւ մասնագիտական օգնության ժամանումը վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները:

Ջերմային հյուծում

Հիմա եկեք անդրադառնանք ջերմային մյուս խանգարմանը` ջերմային հյուծմանը: Ջերմային հյուծումը շոկի մի տեսակ է, որը զարգանում է առատ քրտնարտադրության հետեւանքով մարմնի ջրազրկումից:
Տաք միջավայրում գտնվելու ընթացքում քրտնարտադրությունն ուժեղանում է, որի հետեւանքով տուժածը մեծ քանակով հեղուկ եւ աղեր է կորցնում (շոգ օրվա ընթացքում մարդը կարող է կորցնել մինչեւ 10 լիտր հեղուկ): Այս կորուստը բերում է շրջանառող արյան ծավալի նվազեցման: Արդյունքում ամբողջ մարմնի արյունամատակարարումը խանգարվում է: Զարգանում է շոկային իրավիճակ՝ ջերմային հյուծում:


Ինչի վրա ուշադրություն դարձնել

Ջերմային հյուծումով տուժածի մաշկը գունատ է, խոնավ, սառը: Նա գանգատվում է գլխացավից, գլխապտույտից, ծարավի զգացումից: Տուժածը լինում է թույլ, ունենում է սրտխառնոց, փսխում: Նրա անոթազարկն ու շնչառությունը հաճախացած են: Փաստորեն նկատվում են այն բոլոր նշանները, որոնք բնորոշ են շոկին: Հնարավոր է, որ տուժածի մարմնի ջերմաստիճանը լինի նորմալ կամ սովորականից մի փոքր բարձր կամ ցածր:

Ինչ անել

Հանդիպելով նման վիճակում գտնվող տուժածի՝ խորհուրդ տվեք դադարեցնել աշխատանքն ու անմիջապես տեղափոխեք նրան հով, ստվերոտ վայր: Պառկեցրեք, բարձրացրեք ոտքերը մոտ 20-30 սմ: Թուլացրեք ճնշող կապերը եւ թեթեւացրեք հագուստը: Եթե տուժածը գիտակցությունը չի կորցրել, տվեք խմելու սառը հանքային ջրեր կամ ջրազրկման ժամանակ տրվող հեղուկից:
Անհապաղ ահազանգեք շտապօգնություն եւ մինչեւ մասնագիտական օգնության ժամանումը վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները:

Կանխարգելում

Սովորաբար բարձր ջերմաստիճանից առաջացած արտակարգ իրավիճակները հնարավոր է կանխել՝ հետեւելով ստորեւ բերված խորհուրդներին:
Ամռանը, շոգ եղանակին խմեք շատ հեղուկներ՝ օրը 2-3 լիտրի չափ: Ցանկալի է օգտագործել հանքային ջրեր, հյութեր:
Արեւի տակ գտնվելիս պաշտպանեք գլուխը՝ դնելով գլխարկ կամ պահեք հովանոց: Շոգ եղանակին, հնարավորության դեպքում, հագեք բաց գույնի բամբակյա հագուստ: Խուսափեք օրվա ամենաշոգ եւ արեւի բարձր ակտիվության ժամերին՝ 12-ից 15-ը, դուրս գալուց:
Ամռանը դրսում աշխատելիս ծրագրեք ձեր աշխատանքը վաղ առավոտյան կամ երեկոյան ժամերին, երբ արեւի ակտիվությունն այնքան էլ բարձր չէ: Հաճախակի ընդմիջումներ կատարեք: Դա թույլ կտա դիմակայել բարձր ջերմաստիճանի կարճատեւ ազդեցությանը: