ՀայերենEnglishРусский

ԱԻ հանրագիտարան

Առաջին օգնություն

Կարիճների ու միջատների խայթոցներ

12-01-2017


  Մեր հանրապետությունում տարածված են երեք տեսակի կարիճներ՝ դեղին, սեւ եւ խայտաբղետ։ Այս կարիճների եւ ընդհանրապես միջատների խայթոցները մահացու չեն մարդու համար։ Մահացության դեպքերը հիմնականում պայմանավորված են սուր ալերգիկ ռեակցիաներով։ Ավելի վտանգավոր են բերանի խոռոչում կամ նրա շուրջը տեղակայված խայթոցները, որովհետեւ այդ դեպքում զարգանում է վերին շնչուղիների այտուց եւ շնչառության խիստ դժվարացում։
Կարիճների եւ միջատների խայթոցների ժամանակ խայթած տեղում ցավ է լինում, այտուց, կարմրություն։ Նման դեպքերում օգնություն ցուցաբերելիս մաշկի վրայից հեռացրեք խայթը եւ վնասված մասը պահեք սառը ջրի տակ։ Այնուհետեւ վերքը ծածկեք մաքուր գործվածքով։

  Ի՞նչ անել

  Եթե խայթոցը պարանոցի կամ բերանի շրջանում է ապա տուժածին կում-կում խմեցրեք մեծ քանակությամբ սառը ջուր։ Պարզեք՝ տուժածն ունի արդյոք ալերգիա միջատների խայթոցներից։ Եթե տուժածը ալերգիկ է, ապա այս դեպքում նրա մեջ հնարավոր է զարգանա անաֆիլակտիկ շոկ։ Դա որեւէ արտաքին ազդակի նկատմամբ մարմնի սուր ալերգիկ ռեակցիան է։ Անաֆիլակտիկ շոկը կարող է զարգանալ միջատների խայթոցներից, որոշ դեղամիջոցներից։ Դա կատարվում է շատ արագ, եւ հաճախ հնարավոր չի լինում կանխատեսել ու կանխարգելել այն։
Նման դեպքերում տուժածի մոտ լինում են գլխացավ, գիտակցության խանգարում, մաշկի կարմրություն, տաքություն, ցան, այտուցներ։ Տուժածի շնչառությունը շնչուղիների այտուցման հետեւանքով դժվարացած է, աղմկոտ, անոթազարկը՝ թույլ եւ արագացած։
Անաֆիլակտիկ շոկի դեպքում անհապաղ ահազանգեք շտապօգնություն, եւ եթե տուժածն իր մոտ պահում է հակաալերգիկ դեղամիջոցներ, ապա օգնեք նրան ընդունել դրանք։

  Կանխարգելում

  Օձերի կծածներից, կարիճների եւ միջատների խայթոցներից կարելի է խուսափել` պահպանելով մի շարք պարզ, կանխարգելիչ կանոններ։ Բնության գրկում զբոսնելու, հանգստանալու, արշավների կամ էլ աշխատանքի ժամանակ հագեք բաց գույնի հագուստ, որի վրա լավ երեւում են մուգ գույնի միջատները։ Հագեք նաեւ երկարաճիտ եւ ամուր կոշիկներ։ Տաբատի փողքերը դրեք գուլպայի կամ կոշիկների մեջ, շապիկի եզրերը՝ տաբատի մեջ։ Զբոսնելիս քայլեք ծառուղու մեջտեղով, խուսափեք բարձր խոտերից։ Օձի պատահելիս մի... տրորեք, մի անհանգստացրեք նրան, ետ դարձեք նույն ճանապարհով, որով եկել եք եւ եղեք ուշադիր, որովհետեւ շուրջը կարող են լինել ուրիշ օձեր։
Վերադառնալով տուն` ուշադիր զննեք ձեր մարմինը, հատկապես մազածածկ մասերը` միջատներ կամ նրանց խայթոցներ հայտնաբերելու համար։