ՀայերենEnglishРусский

ԱԻ հանրագիտարան

Առաջին օգնություն

Բոտուլիզմ

12-01-2017


  Հատկապես այս վերջին տարիներին շատացել են մի խիստ վտանգավոր թունավորման` բոտուլիզմի դեպքերը։ Բոտուլիզմի դեպքում մահացությունը շատ բարձր է, եւ հաճախ էլ, եթե անգամ մարդը փրկվում է, հաշմանդամ է մնում ողջ կյանքի ընթացքում։ Մեր ժողովուրդն այնքան էլ լուրջ չի ընդունում այս թունավորման սպառնալիքը, եւ դրա համար էլ այդ ցավալի դեպքերը չեն նվազում։
Բոտուլիզմի դեպքեր պատահում են տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, երբեմն նաեւ ապխտած մսից եւ ձկնեղենից։
Բոտուլիզմի հարուցիչները միշտ առկա են հողում։ Բանջարեղենի, մրգերի հետ նրանք կարող են ընկնել պատրաստվող պահածոյի մեջ։ Նկատի ունեցեք, որ անգամ լավ լվացված բանջարեղենի վրա կարող են մնալ հարուցիչներ։ Տնային պայմաններում պահածոյի պատրաստման ընթացքում հարուցիչը չի ոչնչանում, քանի որ դրա համար անհրաժեշտ պայմանները հնարավոր է ապահովել միայն գործարաններում։ Այսպիսով, բոտուլիզմի հարուցիչն անցնում է պահածոյի մեջ, ուր շատ բարենպաստ պայմաններ են նրա կենսագործունեության համար։ Ինքը` հարուցիչը վտանգավոր չէ, սակայն իր կենսագործունեության ընթացքում նա արտադրում է շատ ուժեղ թույն` բոտուլոտոքսին, որը մարդկությանը հայտնի մանրէային թույներից ամենաուժեղն է։
Հիշեք, որ բոտուլոտոքսին պարունակող մթերքը ոչնչով` ոչ համով, ոչ հոտով, ոչ տեսքով չի տարբերվում նորմալից։ Սակայն եկեք չանտեսենք, որ կա կանխարգելման մի պարզ միջոց։ Բավական է օգտագործելուց առաջ 10-15 րոպե եռացնել պահածոյի պարունակությունը, եւ թույնը կչեզոքանա, քանի որ ի տարբերություն բոտուլիզմի հարուցիչի, նրա արտադրած թույնը շատ ջերմազգայուն է։

  Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել


  Բոտուլիզմի նշանները սովորաբար ի հայտ են գալիս բոտուլոտոքսին պարունակող սնունդ ուտելուց 15 րոպեից մինչեւ 2 ժամվա ընթացքում, սակայն կարող են արտահայտվել եւ ավելի ուշ։ Թույնի ազդեցությունից տուժածի մոտ առաջանում է մկանների թուլացում։ Տուժածի մոտ լինում է ուժեղ գլխացավ, գլխապտույտ, բերանի չորություն։ Բնորոշ է, որ տեսողությունը կարող է մշուշված եւ երկատված լինել, հնարավոր է կոպերի իջեցում, շլություն։ Խանգարվում է տուժածի խոսքը, ձայնը խռպոտում է։ Դժվարանում է տուժածի շնչառությունը, հատկապես ներշնչումը կատարվում է մեծ դժվարությամբ։ Տուժածի որովայնը կարող է փքված լինել։ Որոշ դեպքերում տուժածը կարող է ունենալ սրտխառնոց, եզակի փսխում, որովայնի շրջանում ցավեր կամ ծանրության զգացում։


  Ի՞նչ անել


  Նշանների ի հայտ գալուն պես անմիջապես ահազանգեք եւ մինչեւ շտապ օգնության ժամանելը առաջացրեք արհեստական փսխում։ Ահազանգեք բոտուլիզմով թունավորման անգամ չնչին կասկածի դեպքում կամ հնարավորության դեպքում շտապ տեղափոխեք տուժածին հիվանդանոց` սուր թունավորումների կամ վերակենդանացման բաժանմունք։ Տուժածի հետ հիվանդանոց տեղափոխեք փսխուքը, կասկածելի կերակրի նմուշները։
Հիշե՛ք, բոտուլիզմի դեպքում մահացությունը շատ բարձր է, եւ տուժածին անպայման պետք է տեղափոխել հիվանդանոց։ Երբեք մի փորձեք ինքնուրույն բուժել նման թունավորումը։