ՀայերենEnglishРусский

ԱԻ հանրագիտարան

Առաջին օգնություն

Գիտակից տուժածի զննում

12-01-2017


  Շատ հաճախ համապատասխան օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է լինում ավելի մանրամասն տեղեկություններ իմանալ տուժածի վիճակի մասին: Այդ տեղեկությունները կարող եք ստանալ հենց տուժածից, նրա բարեկամներից, ընկերներից եւ կամ պարզապես դեպքի ականատեսներից:
Տուժածի զննումը կատարվում է երեք հիմնական եղանակով՝ հարցուփորձ, մանրակրկիտ զննում եւ վերահսկում:

  Հարցուփորձ

  Եթե տուժածն անծանոթ է, ներկայացեք եւ նրան առաջարկեք ձեր օգնությունը: Եթե տուժածը փոքր երեխա է, ձեր գործողությունները միշտ համաձայնեցրեք նրան ուղեկցող չափահասի հետ: Տուժածի հետ եղեք մեղմ եւ հոգատար: Համբերությամբ լսեք նրան: Հարցրեք տուժածի անունը եւ այդուհետ դիմեք նրան անունով. դա անմիջական մթնոլորտ կստեղծի: Խոսելիս գրավեք այնպիսի դիրք, որ տուժածը ձեզ տեսնի:
Հարցուփորձի ժամանակ պարզեք, թե ինչ է զգում տուժածը եւ ինչ գանգատներ ունի:
Կան դեպքեր, երբ անհրաժեշտ է տուժածից ստանալ որոշ հարցերի պատասխաններ: Օրինակ` պարզեք՝ ունի արդյոք տուժածն ալերգիա որեւէ դեղամիջոցից, սննդից, միջատի խայթոցից կամ այլնից: Հնարավոր է, որ հենց ալերգիկ ռեակցիան էլ լինի տվյալ իրավիճակի պատճառը:
Եթե տուժածը տառապում է որեւէ հիվանդությամբ, ապա պարզեք` օգտագործում է արդյոք որեւէ դեղամիջոց: Եթե այո, ապա օգնեք ընդունել բժշկի նշանակած դեղերը:
Հարցրեք, թե վերջին անգամ երբ եւ ինչ է կերել կամ խմել տուժածը: Դրանով կպարզեք` նրա ծարավի կամ թուլության պատճառը կապված է արդյոք սնունդ կամ հեղուկներ ընդունելու հետ, թե` ոչ:

Ցավ

  Ցավը ստիպում է մեզ ուշադրություն դարձնել հիվանդությանը կամ վնասվածքին: Երբեմն պատճառն ակնհայտ է, օրինակ՝ երբ կտրում եք ձեր մատը: Այլ դեպքերում ցավի պատճառն ավելի դժվար է բացահայտել: Օրինակ՝ ցավը որովայնի շրջանում կարող է թվալ մարսողության խանգարման հետեւանք, բայց իրականում սրտամկանի ինֆարկտի նշան լինել:
Որոշ դեպքերում ցավը վկայում է վիճակի լրջության մասին, իսկ այլ իրավիճակներում այն ինքնին առաջնային խնդիր է: Ցավի զգացողության արտահայտումը որոշ չափով կախված է տուժածի անհատական առանձնահատկություններից: Եթե տուժածը գանգատվում է ցավից, խնդրեք բնութագրել այն: Ցավը կարող է լինել այրող, ճնշող, սուր, բութ եւ այլն:
Երբեք մի՛ անտեսեք ցավը կամ ենթադրեք, որ նրա պատճառն այնքան էլ լուրջ չէ:
Փորձեք մեղմել ցավը մինչեւ շտապօգնության ժամանումը: Երբեմն ցավը կարելի է մեղմել միայն տուժածին հանգստացնելով եւ նրան հարմար դիրքի բերելով:
Երբ տուժածը կենտրոնացած է միայն ցավի վրա, ապա այն ավելի սուր է զգում: Փորձեք նրան հնարավորին չափ շեղել, որի լավագույն միջոցն է նրա հետ խոսելը: Աշխատեք խոսել բնական եւ անբռնազբոս՝ տուժածին ներգրավելով խոսակցության մեջ: Եթե նա երեխա է, զբաղեցրեք նրան՝ ցույց տալով որեւէ հետաքրքիր տեսարան, պատմելով հեքիաթ եւ այլն: Մի՛ շարունակեք, եթե զգում եք, որ այն, ինչ անում եք, հաճելի չէ տուժածին եւ զայրույթ է պատճառում:


  Մանրակրկիտ զննում

  Տուժածի մարմինը կարելի է զննել նայելով, շոշափելով, կամ կարող եք խնդրել նրան շարժել մարմնի մասերը: Այդ ընթացքում ուշադրություն դարձրեք տուժածի դեմքի արտահայտությանը, ձայնին, մաշկի վիճակին:
Տուժածի զննումը սկսեք գլխից: Ուշադրություն դարձրեք այտուցված կամ փոս ընկած մասերին: Մանրակրկիտ շոշափեք գլխի հատկապես մազածածկ շրջանը, քանի որ այդ մասում դժվար է նկատել վնասվածքները: Խնդրեք տուժածին գլուխը դանդաղ թեքել աջ եւ ձախ, շարժել ուսերը: Եթե շարժելիս տուժածը ցավ է զգում, անմիջապես դադարեցրեք այդ գործողությունը:
Կրծքավանդակը եւ որովայնը զննելիս առաջարկեք տուժածին խորը ներշնչել եւ արտաշնչել: Հարցրեք, կան արդյոք ցավեր կրծքավանդակի կամ որովայնի շրջանում, թե` ոչ:
Այնուհետեւ շոշափեք յուրաքանչյուր վերջույթն առանձին: Խնդրեք տուժածին շարժել սկզբում ձեռքի մատները, ապա դաստակը, արմունկը, ուսը: Նույն հերթականությամբ զննեք նաեւ ստորին վերջույթները:


  Վերահսկում

  Այնպիսի կարեւոր նշաններ, ինչպիսիք են տուժածի գիտակցության խանգարումները, շնչառության, անոթազարկի փոփոխությունները, կարեւոր տեղեկություններ են տալիս տուժածի վիճակի մասին:
Մաշկի վիճակի փոփոխությունները նույնպես կարող են ձեզ որոշակի տեղեկություններ տալ տուժածի վիճակի մասին:

  Գիտակցություն

  Գիտակցության մակարդակը պարզելու համար տուժածին տվեք պարզ հարցեր: Գիտակցության խանգարումների մասին կարող են վկայել տուժածի խոսքի, հիշողության, լսողության, տեսողության խանգարումները, տարածության եւ ժամանակի կողմնորոշման խանգարումները եւ այլն:


  Մաշկ

  Մաշկը կարող է դառնալ գունատ, կարմրած, կապտավուն եւ այլն: Մաշկի գույնի փոփոխություններն ավելի հեշտ կարող եք հայտնաբերել տուժածի շրթունքների շրջանում: Մաշկի ջերմաստիճանը կարելի է որոշել ձեռքի ափով տուժածի մաշկի ջերմությունը զգալով եւ համեմատելով ձեր մաշկի ջերմաստիճանի հետ: Մաշկը կարող է լինել սովորականից չոր, խոնավ կամ առատ քրտնարտադրության հետեւանքով՝ թաց:


  Շնչառություն եւ անոթազարկ

  Նորմալ վիճակում մարդու շնչառությունը համաչափ է, անաղմուկ եւ հանգիստ: Չափահաս մարդկանց եւ ութ տարեկանից բարձր երեխաների շնչառության հաճախությունը սովորաբար կազմում է րոպեում 14-18 շնչառական շարժում: Երեխաների շնչառությունն ավելի արագ է:
Տուժածի շնչառությունը կարող է դառնալ աղմկոտ, մակերեսային կամ խորը, արագանալ կամ դանդաղել: Աշխատեք տեսնել եւ լսել շնչառության յուրաքանչյուր փոփոխություն:
Իսկ հիմա անդրադառնանք անոթազարկի փոփոխություններին: Առողջ սիրտն աշխատում է կանոնավոր եւ համաչափ: Հանգիստ վիճակում չափահաս մարդկանց սրտի կծկումների հաճախականությունը կազմում է րոպեում 60-80 զարկ: Ութ տարեկանից փոքր երեխաների սիրտը րոպեում ավելի արագ է կծկվում, իսկ ծծկեր երեխայի մոտ լինում է 120: Գիտակից տուժածի մոտ անոթազարկի փոփոխությունները կարող եք զգալ՝ շոշափելով այն տուժածի ճաճանչային զարկերակի վրա: Նկար: Անոթազարկը կարող է լինել անկանոն, թույլ կամ դժվար շոշափվող: Այն կարող է լինել չափազանց արագ կամ դանդաղ: Հնարավոր է, որ տուժածի վնասված կողմի վրա անոթազարկը չշոշափվի: Այդ դեպքում շոշափեք այն հակառակ կողմի վրա:

  1-ին օգնության ընդհանուր քայլեր

  Կյանքում հանդիպող պատահարները շատ բազմազան են, եւ առաջին հայացքից թվում է, թե շատ դժվար կլինի կողմնորոշվել եւ ճիշտ օգնություն ցուցաբերել: Սակայն տարբեր իրավիճակներում ցուցաբերվող օգնության քայլերը հիմնականում նույնն են: Քննարկենք այդ քայլերը:
Զննեք դեպքի վայրը եւ ապահովեք անվտանգությունը: Ապահովեք ձեր, տուժածի եւ շրջապատի անվտանգությունը, որպեսզի տուժածների քանակը չավելանա եւ իրավիճակը չբարդանա:
Կատարեք տուժածի զննում եւ ցուցաբերեք իրավիճակին համապատասխան օգնություն: Յուրաքանչյուր դեպքում ցուցաբերվող օգնության յուրահատուկ քայլերը մենք կքննարկենք հետագա համարներում:
Հանգստացրեք եւ սփոփեք տուժածին: Տուժածի հետ խոսելիս գրավեք այնպիսի դիրք, որ տուժածը ձեզ տեսնի: Ասեք նրան, որ շտապօգնությունը շուտով կժամանի, որ դուք նրան չեք լքի, կշարունակեք օգնություն ցուցաբերել, եւ նրա վիճակը կբարելավվի: Այս ամենն ինչ-որ չափով կնվազեցնի անհանգստությունը եւ կօգնի մեղմել ցավը: Ձեր խոսքը պետք է լինի վստահ: Որոշ դեպքերում տուժածին կարող է հանգստացնել նաեւ հպումը:
Օգնեք տուժածին ընդունելու հարմար դիրք: Դիրքի ընտրության հարցում առաջնորդվեք տուժածի ինքնազգացողությամբ, ընտրեք այն դիրքը, որը հարմար է նրան եւ թեթեւացնում է նրա վիճակը: Վնասվածքների դեպքում ցավը որոշ չափով թեթեւացնելու նպատակով խնդրեք վնասված մասն անշարժ պահել:
Օգնեք տուժածին ընդունել բժկի նշանակած դեղամիջոցը: Որպես կանոն, առաջին օգնություն ցուցաբերողը տուժածին չպետք է տա ոչ մի դեղամիջոց, սակայն եթե տուժածն ունի որեւէ հիվանդություն եւ ընդունում է դեղեր, հարցրեք նրան եւ եթե դեղ ընդունելը կարող է թեթեւացնել նրա վիճակը, օգնեք նրան ընդունել բժշկի նշանակած դեղամիջոցները:
Պահպանեք մարմնի նորմալ ջերմաստիճանը: Ծածկեք տուժածին որեւէ ծածկոցով, բաճկոնով եւ այլն, որպեսզի պահպանեք նրան մարմնի ջերմությունը:
Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապօգնություն, եւ վերահսկեք տուժածի վիճակը մինչեւ մասնագիտական օգնության ժամանումը:
Վերահսկեք տուժածի վիճակը: Պարբերաբար ստուգեք նրա անոթազարկը, շնչառությունը եւ գիտակցության մակարդակը: