ՀայերենEnglishРусский

ԱԻ հանրագիտարան

Առաջին օգնություն

Փափուկ հյուսվածքների վնասվածքներ

12-01-2017


  Առօրյայում հաճախ են պատահում նման վնասվածքներ՝ քերծվածքներ, կտրած, պատռած վերքեր եւ այլն: Դժվար թե լինի մի մարդ, որն իր կյանքում գոնե մեկ անգամ չի ունեցել նման վնասվածքներ: Բարեբախտաբար, դրանց մեծ մասը փոքր է լինում եւ առանձնահատուկ վտանգ չի ներկայացնում: Սակայն հնարավոր են նաեւ լուրջ վնասվածքներ, որոնք պահանջում են շտապ բժշկական միջամտություն:
Փափուկ հյուսվածքների վնասվածքները լինում են փակ եւ բաց:


  Փակ վնասվածքներ

Փակ վնասվածքների ժամանակ մաշկի ամբողջականությունը չի խախտվում: Ամենահասարակ փակ վնասվածքը ենթամաշկային արյունազեղումը կամ կապտուկն է, որի ժամանակ ոչ ուժեղ հարվածի հետեւանքով մաշկի տակ վնասվում են մազանոթները:
Արյունը կուտակվում է մաշկի տակ, այդ մասում մաշկի գույնը փոխվում է, առաջանում են այտուց եւ կապտուկ: Անմիջապես հարվածից հետո վնասվածքի տեղը կարմրում է, որոշ ժամանակ անց մաշկն այդ տեղում դառնում է մուգ կարմիր կամ մանուշակագույն: Մի քանի օր անց մաշկի գույնը դառնում է կապտականաչավուն, ապա՝ դեղին:


  Ի՞նչ անել

  Փակ վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելիս վնասված մասը բարձրացրեք, սահմանափակեք շարժումները: Սառեցրեք վնասված մասը սառը թրջոցներով կամ սառցապարկերով: Սառեցումը շարունակեք վնասվածքը ստանալու պահից սկսած 24-48 ժամվա ընթացքում: Մաշկի եւ սառցապարկի միջեւ միշտ դրեք որեւէ սրբիչ կամ գործվածքի կտոր:

  Վերքեր

  Փափուկ հյուսվածքների բաց վնասվածքներն այլ կերպ կոչվում են վերքեր: Վերքը փափուկ հյուսվածքի վնասվածք է, որի ժամանակ խախտվում է մաշկի ամբողջականությունը: Վերքերը վտանգավոր են վարակի ներթափանցման, արյունահոսության եւ ցավի պատճառով:
Բավական հաճախ հանդիպող վերք է քերծվածքը: Դա մաշկի մակերեսային վնասվածքն է: Չնայած քերծվածքները բավական ցավոտ են լինում, սակայն սովորաբար լուրջ վտանգ չեն ներկայացնում: Այս վնասվածքի դեպքում արյունահոսությունը հեշտությամբ դադարում է, քանի որ վնասվում են միայն մանր արյունատար անոթներ: Եթե քերծվածքները լայնատարած են, կարող է պահանջվել բժշկական միջամտություն: Ծակած վերքերը սովորաբար առաջանում են այնպիսի իրերից, ինչպիսիք են դանակը, ասեղը, ապակու կտորները կամ կենդանու ճանկերը: Դրանք կետային, խորը, փոքր մակերես ունեցող վերքերն են: Արտաքինից վերքի բացվածքը փոքր է, արտաքին արյունահոսությունը հաճախ աննշան է, ոչ ուժեղ: Այս վերքերը շատ վտանգավոր են, քանի որ մեծ է վարակման եւ ներքին օրգանների վնասման վտանգը:
Կտրած վերքերը հարթ եզրերով վերքերն են: Դրանք սովորաբար առատ արյունահոսում են եւ ցավոտ են:
Վերքերի մյուս տեսակը պատռած վերքերն են: Դրանք ունենում են անհարթ եզրեր: Այսպիսի վերքեր ավելի հաճախ առաջանում են այն մասերում, որտեղ ոսկրերը մաշկին մոտ են գտնվում, օրինակ՝ ճակատին, կզակի շրջանում, սրունքի առաջային մակերեսին եւ այլն: Ի տարբերություն կտրած վերքի, պատռած վերքն ավելի դժվար է լավանում, իսկ լավանալուց հետո կարող է կոպիտ սպի մնալ:
Պոկած վերքն այն վերքն է, որն առաջանում է փափուկ հյուսվածքների մի հատվածի մասամբ կամ ամբողջովին պոկումից: Մասամբ պոկված հյուսվածքի կտորը մի մասով կպած է լինում մարմնին: Այն կարող է անբնական կերպով շրջված լինել: Վերքից կախված հյուսվածքները մի’ պոկեք, այլ փորձեք դնել պոկված հյուսվածքի կտորները նախկին բնական դիրքով եւ վիրակապել:
Վերքեր առաջանում են նաեւ տարբեր կենդանիների կամ մարդու կծելուց: Կծած վերքերն աղտոտված են թքով եւ վտանգավոր են նաեւ կատաղություն հիվանդությամբ վարակվելու տեսանկյունից: Նման վնասվածքներ ստանալուց անմիջապես հետո անհրաժեշտ է կատաղության դեմ պատվաստում կատարել:
Հրազենային վերքերը հրազենի գնդակից կամ արկերի բեկորներից առաջացած վերքերն են: Դրանք միշտ վտանգավոր են: Նման դեպքերում կարող են լինել մուտքի եւ ելքի անցքեր: Հնարավոր է լինի միայն մուտքի անցք: Հատուկ ուշադրություն պիտի դարձնել ելքի անցքին, քանի որ այն շատ ավելի մեծ ու վտանգավոր է, քան մուտքինը:

  Ի՞նչ անել

  Տուժածին օգնություն ցուցաբերելիս նախ պարզեք վերքի վտանգավորության աստիճանը:

  Փոքր վերքեր

  Քիչ վտանգավոր են համարվում 2,5 սմ-ից ոչ մեծ չափսերի, ոչ խորը վերքերը, երբ արյունահոսությունն աննշան է կամ հեշտ է դադարեցվում: Մնացած բոլոր վերքերը համարվում են վտանգավոր եւ պահանջում են բժշկական միջամտություն:
Քիչ վտանգավոր վերքերի ժամանակ առաջին օգնություն ցուցաբերելիս վերքը լվացեք օճառով եւ մաքուր ջրով: Օգտագործեք վերքերի մշակման համար նախատեսված հատուկ քսուքներ: Խուսափեք սպիրտային հիմքով նյութերը, օրինակ յոդը, օղին, օծանելիքն անմիջապես վերքի վրա քսելուց: Դրանցով մշակեք միայն վերքի շրջակա մաշկը: Ծածկեք վերքը կպչուն սպեղանիով կամ մանրէազերծ (ստերիլ) վիրակապով:

  Վտանգավոր վերքեր

  Վտանգավոր վերքերը երբեք մի՛ փորձեք ինքուրույն մշակել: Վերքի վրա անձեռոցիկ տեղադրեք, վիրակապեք եւ դադարեցրեք արյունահոսությունը: Ձեռք մի’ տվեք արդեն տեղադրած վիրակապին կամ անձեռոցիկին: Եթե այն ներծծվում է արյունով, վրայից տեղադրեք նորը եւ վիրակապեք: Հակառակ դեպքում արյունահոսությունը կարող է վերսկսվել կամ ուժեղանալ:
Վիրակապելուց հետո ահազանգեք շտապօգնություն կամ տուժածին խորհուրդ տվեք դիմել բժշկի:

  Վարակի ներթափանցման կանխարգելում

  Վերքը մշակելուց առաջ եւ հետո ձեռքերը լվացեք օճառով եւ ջրով կամ ձեռքի տակ եղած որեւէ ախտահանիչ միջոցով՝ օրինակ օղիով: Խուսափեք անմիջապես վերքին ձեռքով դիպչելուց:
Աշխատեք օգտվել մանրէազերծ ձեռնոցներից կամ այլ պաշտպանիչ միջոցից, օրինակ՝ ձեռքերին հագցրեք սովորական պլաստիկ տոպրակ: Օգտագործված ձեռնոցները մի՛ փորձեք մաքրել կամ երկրորդ անգամ օգտագործել: Ձեռնոցները հանեք ներսի մակերեսից բռնած: Դրանք շրջեք հակառակ երեսով եւ գցեք հատուկ առանձնացված աղբատուփի մեջ:
Հնարավորության դեպքում օգտագործեք միայն մանրէազերծ վիրակապական միջոցներ կամ ծայրահեղ դեպքում մաքուր եւ արդուկած գործվածք:
Աշխատեք վերքի վրա չշնչել, չհազալ, չփռշտալ: Օգնություն ցուցաբերելու ընթացքում մի’ դիպեք ձեր բերանին, քթին, աչքերին եւ խուսափեք որեւէ բան ուտելուց կամ խմելուց:

  Բորբոքված վերքեր

  Ամեն դեպքում վնասված մաշկը վարակի ներթափանցման ճանապարհ է: Եվ եթե վնասվածք ստանալուց հետո մարմնի պաշտպանական ուժերը չեն կարողանում վնասազերծել ներթափանցած վարակը, ապա վերքը բորբոքվում է:
Այդ դեպքում վերքի շրջանում ի հայտ է գալիս բաբախող ցավ, մաշկը կարմրում է, տաքանում: Վերքի շրջանը այտուցվում է, կարող է վերքից թարախային արտադրություն լինել: Հնարավոր է մոտակա ավշային հանգույցների մեծացում, ցավոտություն:
Որոշ դեպքերում վարակը կարող է արյան միջոցով տարածվել մարմնով մեկ եւ դառնալ կյանքի համար վտանգավոր:
Բորբոքված վերքերի դեպքում հետեւեք, որ վերքի շրջանը լինի մաքուր: Տուժածի մոտ վերքի բորբոքման նշաններ ի հայտ գալուն պես անհապաղ դիմեք բժշկի: