ՀայերենEnglishРусский

ԱԻ հանրագիտարան

Առաջին օգնություն

Ահազանգում

12-01-2017


  Առաջին օգնություն ցուցաբերելու ժամանակ պետք է կարողանաք գնահատել իրավիճակը, ճիշտ կողմնորոշվել եւ անհրաժեշտության դեպքում անմիջապես ահազանգել:
Շտապ օգնության աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, եթե ահազանգման ժամանակ անհրաժեշտ եւ ստույգ տեղեկություններ հայտնեք տուժածի եւ պատահարի վերաբերյալ:
Ահազանգելու որոշումը կարող եք ընդունել ցանկացած պահի: Հնարավորության դեպքում խնդրեք ներկաներից որեւէ մեկին ահազանգել: Մի՜ թողեք տուժածին մենակ, մնացեք նրա կողքին եւ հսկեք նրա վիճակը: Ինքներդ գնացեք ահազանգելու միայն ծայրահեղ դեպքում, երբ ձեզանից բացի ոչ ոք չի կարող դա անել: Այդ դեպքում արագ գտեք մոտակա հեռախոսը, ահազանգեք եւ շտապ վերադարձեք տուժածի մոտ: Վերադառնալուն պես վերստուգեք նրա վիճակը եւ հարկ եղած դեպքում ցուցաբերեք անհրաժեշտ օգնություն:
Ահազանգելու ժամանակ սովորաբար հերթապահն ինքն է հարցեր տալիս: Պետք է նախապես իմանալ այն կարեւոր տեղեկությունները, որոնք պետք է հաղորդել շտապօգնության հերթապահին:

  Այդ տեղեկություններն են.

- Դեպքի վայրի հասցեն (շենքի համարը, հարկը եւ բնակարանը) կամ, եթե դեպքը տեղի է ունեցել փողոցում, ապա մոտակա խաչվող փողոցները կամ նշանավոր եւ աչքի ընկնող շինությունները:
- Հեռախոսի համարը, որից հաղորդվում է ահազանգը:
- Ինչ է պատահել:
- Զանգահարողի անունը, ազգանունը:
- Տուժածների քանակը:
- Տուժածների վիճակը:
- Ցուցաբերված առաջին օգնությունը:

  Մի՜ անջատեք հեռախոսն առանց հերթապահին զգուշացնելու: Հնարավոր է, որ շտապ օգնության հերթապահը թելադրի տուժածին օգնություն ցուցաբերելու ձեր հետագա քայլերը` մինչեւ մասնագիտական օգնության խմբի ժամանումը:
Եթե որեւէ մեկին խնդրում եք ահազանգել, ապա խնդրեք, որ ահազանգելուց հետո վերադառնա եւ ձեզ տեղյակ պահի շտապօգնության հերթապահի հետ ունեցած խոսակցության մասին:
Եթե մենակ եք եւ չեք կարող հեռանալ տուժածի մոտից, ապա բարձրաձայն օգնություն կանչեք:
Երբեմն դժվար է կողմնորոշվել` կարիք կա, արդյոք, ահազանգելու շտապօգնություն, թե` ոչ: Օրինակ` երբ տուժածն անհարմար է զգում ստեղծված իրավիճակում եւ ինքն է խնդրում չահազանգել: Մեկ այլ դեպքում դժվար է կողմնորոշվել` արդյոք տուժածի վիճակն այնքան ծանր է, որ անհրաժեշտ է մասնագիտական օգնություն: Հետագա գլուխներում դուք կծանոթանաք, թե որ դեպքերում է պետք ահազանգել շտապօգնություն:
Կան հատուկ իրավիճակներ, երբ անհրաժեշտ է զանգահարել հատուկ վթարային ծառայություններ. դրանք են

- հրշեջ-փրկարար ծառայություն 1-01, 1-12
- ոստիկանություն 1-02.
- շտապօգնություն 1-03.
- գազի վթարային ծառայություն 1-04

  Նախօրոք իմացեք նաեւ ձեր տարածաշրջանում գտնվող փրկարար ծառայությունների հեռախոսահամարները: Գրառեք բոլոր թվարկված մասնագիտական ծառայությունների համարները եւ պահեք որեւէ երեւացող տեղում, օրինակ` հեռախոսի կողքին: Եթե տանը կան երեխաներ, ապա ցանկալի է սովորեցնել նրանց, թե տարբեր իրավիճակներում ուր եւ ինչպես է պետք ահազանգել: