ՀայերենEnglishРусский

ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Ընդհանուր տեղեկություններ երկրաշարժի մասին

30-01-2017


Երկրագունդը կենդանի մոլորակ է` իր բնականոն փոփոխություններով։ Երկրաշարժը բնական երևույթներից է, ինչպես քամին, անձրևը կամ փոթորիկը և այն արտահայտվում է երկրակեղևի կտրուկ տատանումներով ու ցնցումներով, բնականաբար, պատճառելով վիթխարի ավերածություններ։
Երկրաշարժերը լինում են փլուզումնային, հրաբխային և տեկտոնական։ Առավել ավերիչ են տեկտոնական երկրաշարժերը, (տեկտոնական-երկրակեղևի շարժումները, կառուցողական), որոնք կապված են շարունակվող լեռնագոյացման գործընթացների հետ և կազմում են աշխարհում տեղի ունեցող երկրաշարժերի մեծ մասը (ավելի քան 95%)։
Երկրաշարժերի նախապատրաստման փուլում ընդերքում տեղի ունեցող գործընթացները խախտում են որոշ բնական երևույթների սովորական ընթացքը՝ փոխելով դրանց քանակական և որակական բնութագիրը։ Նման շեղումները, կամ ինչպես երկրաբաններն են ասում՝ անոմալիաները‚ կարող են վերահաս երկրաշարժի նախանշաններ լինել։ Սակայն հարկավոր է նշել‚ որ ո՛չ բոլոր անոմալիաները կարող են նախանշան ծառայել‚ ուստի շատ կարևոր է հայտնաբերել այն անոմալիաները‚ որոնք ստույգ վկայում են մոտալուտ աղետի մասին։
Որքան շատ և բազմազան են հայտնաբերված նախանշանները‚ այնքան հաջող է կանխատեսման հավանականությունը։ Գիտության և տեխնիկայի ժամանակակից զարգացումը‚ ինչպես նաև մարդկանց ու կենդանիների բնական վարքը հնարավոր դարձրեցին ի հայտ բերել բազմաթիվ բնութագրեր‚ որոնք կարող են նպաստել երկրաշարժերի կանխատեսմանը։ Ուժեղ երկրաշարժերի բնական նախանշանները բաժանվում են երկու հիմնական խմբի`

• մակերևութային նախանշաններ
• մարդկանց և կենդանիների վարք


Մակերևութային նախանշաններ

- Ուժեղ երկրաշարժերից առաջ նկատվում է սեյսմիկ ակտիվացում‚ բազմաթիվ թույլ ցնցումները‚ նրանց ուժը և տեղը կարող են վկայել վերահաս երկրաշարժի մասին։
- Երկրի մակերեսի վրա՝ տիեզերքից կատարված երկրաչափումների և երկրաբանական ուսումնասիրությունների միջոցով կարելի է փաստել քարոլորտային սալերի տեղաշարժեր‚ լայնամասշտաբ ձևախախտումներ‚ երկրակեղևի առանձին մասերի բարձրացում կամ իջեցում‚ որոնք երկրաշարժերի կարևոր նախանշաններն են։
- Կուտակվող լարումների ազդեցություններից ապարներում առաջացած ճեղքվածքների հետևանքով ստորգետնյա ջրերի մակարդակը և քիմիական կազմը երկրաշարժից առաջ հաճախ փոփոխվում են՝ իջնում կամ բարձրանում։ Այդ փոփոխությունները նկատվում են նույնիսկ էպիկենտրոնից մեծ հեռավորությունների վրա։
- Երկրագունդն‚ ինչպես հայտնի է‚ ունի իր մագնիսական դաշտը‚ որի բնութագիրը երկրաշարժից առաջ կարող է փոխվել՝ լեռնային ապարների լարումների ձևախախտումների հետևանքով։ Այսպիսի փոփոխություններ նկատվել են բազմաթիվ երկրներում‚ մասնավորապես Չինաստանում‚ Հայաստանում։
- Տարբեր լեռնային ապարներ օժտված են տարբեր էլեկտրական դիմադրողականությամբ։ Դիտվել է‚ որ երկրաշարժից առաջ լարումների ազդեցության պատճառով փոխվում է նաև ապարների էլեկտրական դիմադրությունը։
- Ընդերքից մշտապես անջատվում է ռադոն ռադիոակտիվ գազը‚ որի մի մասը խառնվում է մթնոլորտին‚ իսկ որոշ քանակությամբ էլ այն տարրալուծվում է ստորգետնյա ջրերում։
Երկրաշարժից առաջ այդ գազի պարունակությունը ջրերում փոխվում է‚ առաջացնելով ռադիացիոն դաշտի փոփոխություն։
Մարդկանց և կենդանիների անսովոր վարքը

Երկրաշարժին նախորդող ժամանակաշրջանում կայացած էլեկտրամագնիսական դաշտերի‚ ռադիացիոն ֆոնի, ուլտրաձայների և այլ երևույթների փոփոխություններն ազդում են մարդկանց (հատկապես կանանց և երեխաների) նյարդային համակարգի վրա‚ որոնք արտահայտվում են գլխապտույտով‚ գլխացավով‚ սրտխառնոցով‚ արյան ճնշման փոփոխությամբ և այլն։